Մատչելիության հղումներ

Դեռ միայն ՔՊ-ն, ԼՀԿ-ն և «Հայրենիք»-ն են հստակեցնում՝ մասնակցելու են Վանաձորի համայնքապետի ընտրություններին


Երեք ամսից Վանաձորի համայնքապետի ընտրություններն են: Դեռ միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններն են հստակ ասում, որ մասնակցելու են համամասնական ընտրակարգով անցկացվելիք ընտրություններին, բայց առանց թեկնածուների անուններ հրապարակելու։

Ազգային ժողովի ընտրություններում ամենաշատ թվով ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագրի» Լոռու մարզի պատասխանատու, մարզպետ Արամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, թեկնածուի հարցով դեռ որոշում չունեն։

«Այս պահին մենք դեռ քննարկման փուլում ենք գտնվում թեկնածուների մասով և հստակ որոշում դեռ չունենք, բայց առաջիկայում, երևի մոտ մի 10-15 օրվա ընթացքում կարծում եմ, որ արդեն որոշում կկայացվի և բոլորդ կիմանաք», - ասաց Խաչատրյանը:

«Լուսավոր Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններից ասացին՝ հաստատ կմասնակցեն, բայց դեռ քննարկում են ինչպես թեկնածուի հարցը, այնպես էլ մասնակցության ձևաչափը՝ առանձին, թե՞ դաշինքով կգնան ընտրությունների։ «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի ներկայիս ավագանիում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ունի՝ 10 անդամով։ «Հայրենիք» կուսակցությունը, որ Հանրապետականի հետ դաշինքով անցավ խորհրդարան, դիտարկում է նաև Վանաձորի ընտրություններին առանձին մասնակցելու հարցը։ Բայց դեռևս քննարկումներն ավարտված չեն, ավելի ուշ պարզ կլինի, «Ազատությանն» ասաց կուսակցության մարզային պատասխանատու Վահե Դոխոյանը։

Հունիսին կայացած արտահերթ ընտրություններով Ազգային ժողով անցած «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչները տեղի ընտրություններին մասնակցելու մասին որևէ հայտարարություն չեն արել։ Վանաձորի 17 տարվա նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, որ «Հայաստան» դաշինքի քաղաքային շտաբն էր ղեկավարում, «Ազատությանն» ասաց՝ համայնքապետի ընտրություններին մասնակցելու շուրջ քննարկումներ չեն ունեցել։ Ինքն էլ նման մտադրություն չունի։

«Դեռ բան չենք որոշել, ես հիմա չեմ ուզում որևէ բանի մասնակցել, թիմը չգիտեմ, չեմ կարա ասեմ: [Քննարկում] չենք արել», - ասաց Դարբինյանը:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև Վանաձորի համայնքապետ, հանրապետական Մամիկոն Ասլանյանը, բայց նրան առաջադրելու մասին դեռ որևէ կուսակցություն չի բարձրաձայնել։ Ասլանյանն ինքն էլ «Ազատությանն» ասել էր, որ դեռ չգիտի, թե որ կուսակցության միջոցով կմասնակցի համամասնական ընտրություններին։ Նա 2016-ին Հանրապետական կուսակցության թեկնածուն էր։ Մինչդեռ 2018-ի հեղափոխությունից հետո քաղաքական որևէ պրոցեսի գոնե տեսանելի կերպով չի մասնակցել։ Լուռ էր նաև հունիսին կայացած արտահերթին։

«Ես ուզում եմ ինչքան հնարավոր է քաղաքապետի ընտրությունները իջեցնել մի քանի աստիճան, որ սուր քաղաքական պրոցես չլինի, այս քաղաքը կարողանա նորմալ ինքնակառավարվել, և այս կամ այն էքստրեմալ սիտուացիաներում քաղաքային իշխանությունը կարողանա քաղաքի նորմալ կենսագործունեությունը ապահովել; Չափազանց քաղաքականացված պրոցեսների ժամանակ տուժում է քաղաքային տնտեսությունը», - ասել է Ասլանյանը:

Այսօր Մամիկոն Ասլանյանը «Ազատությանն» ասաց՝ մի քանի կուսակցությունների, այդ թվում՝ գործարար Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատների» հետ քննարկումների մեջ է, բայց որևէ հստակ որոշում դեռևս չկա։

Դեռևս հայտնի չէ՝ ովքեր ի վերջո կմասնակցեն Վանաձորի ընտրություններին, արդյոք նախկին իշխանական կուսակցությունները թեկնածուներ կունենա՞ն թե ոչ, Լոռու մարզպետը կարծում է, որ ընտրությունները մրցակցային կլինեն։ Նկատի ունենալով ԱԺ ընտրություններում իրենց ստացած ձայների քանակը, որով մեծամասնություն կազմեցին, ասում է՝ ընտրողների վստահությունը կստանան նաև տեղական ընտրություններում։

«Նախկին իշխանություններ ո՞ւմ նկատի ունեք, Մամիկոն Ասլանյանն էլ է նախկին իշխանության ներկայացուցիչներից մեկը, եկեք ժամանակից առաջ չընկնեն, երբ որ կհայտարարեն պաշտոնապես՝ ովքեր են մասնակցում ընտրություններին, նոր այդ ժամանակ կարելի է արդեն քննարկել, գնահատականներ հնչեցնել», - ասաց մարզպետը:

Մոտ մեկ ամիս առաջ նաև Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն էր իր ֆեյսբուքյան էջում հայտարարել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Վաղը կայանալու է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր համագումարը, որին կանդամակցի նաև Արմեն Այվազյանը։ Նոր հիմնադրվող կուսակցությունը հավանաբար կղեկավարի «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանը, որ 44-օրյա պատերազմից հետո մինչև այս տարվա ապրիլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էր։ Կուսակցության ստեղծման նախաձեռնողներից է նաև Լեռնային Ղարաբաղի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Նորաստեղծ «Ապրելու երկիրը» ևս կմասնակցի Վանաձորի ընտրություններին։

XS
SM
MD
LG