Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ուզում է ստիպել հայկական կողմին հրաժարվել ԼՂ-ի վերաբերյալ իրենց նկրտումներից. Թոմաս դե Վաալ


Ադրբեջանն ուզում է ստիպել հայկական կողմին հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց նկրտումներից, «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրով մասնագիտացած փորձագետ Թոմաս դե Վաալը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Հրայր Թամրազյան. – Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից հետո ռազմական գործողությունները չեն դադարել. Զինված առճակատումը այժմ նոր աշխարհագրություն ունի։ Կարող եմ ասել, որ այն Լեռնային Ղարաբաղի նախկին ճակատային գիծը տեղափոխվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային սահմաններին։ Այժմ զինված առճակատումը ահագնանում է, ու մենք տեսնում ենք, որ այն շատ ինտենսիվ է Սյունիքի մարզում։ Ի՞նչ է տեղի ունենում, և ինչո՞ւ ադրբեջանցիները այսքան ագրեսիվ են Սյունիքի մարզում, ձեր կարծիքով։ Ի դեպ, ոչ միայն հայերն են խոսում այն մասին, որ իրենց երկրի սահմանների խախտվել են, բայց ես ինքս նաև ունեմ անկախ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, որ ադրբեջանցիները իրոք խախտել են Հայաստանի սահմանը և մի քանի կիլոմետրի խորությամբ մտել են Հայաստանի տարածք։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունը։

Թոմաս դե Վաալ. – Այո, կարծես լայնածավալ պատերազմական գործողությունները ավարտվել են անցյալ տարի, սակայն, դժբախտաբար, հակամարտությունը շարունակվում է ցածր մակարդակի վրա։ Ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, աշխարհագրությունը փոխվել է։ Մենք տեսնում ենք փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքում և Գեղարքունիքում, նաև Երևանի և Նախիջևանի հետ սահմանի միջև գտնվող Երասխի հատվածում, ու նրանք, ովքեր երկար հիշողություն ունեն, կհիշեն, որ այնտեղ մարտեր էին ընթանում նաև 1990 թվականի հունվարին։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունենում, ապա կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել նոր խաղաղության իր տեսլականը իր պայմաններով, ինչը նշանակում է՝ որքան հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա մինչև լինի կոշտ հակազդեցություն հայկական ուժերի կողմից։ Սակայն նրանք շարունակում են առաջ մղել խաղաղության իրենց տեսլականը, ինչպես նրանք են տեսնում, դա միջանցքն է, որ պետք է Մեղրիով կամ Սյունիքի մարզով կապի Ադրբեջանը և Նախիջևանը, որ նրանք պետք է հետ բերեն անկլավները կամ իրենց տեսանկյունից էքսկլավներ Հայաստանի տարածքում, որ նրանք կորցրել են խորհրդային ժամանակահատվածի վերջում։ Ու թերևս ամենակարևորը՝ նրանք ուզում են ստիպել հայկական կողմին հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց նկրտումներից։

Այսինքն, այս առաջարկի էությունը հետևյալի մեջ է՝ «եթե մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը, մենք կանգ ենք առնում, ճանաչում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները, ապա հայկական կողմը պետք է հրաժարվի Արցախի կամ Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից և ճանաչի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը»։ Կարծում եմ, դա է Ադրբեջանի ռազմավարությունը։

XS
SM
MD
LG