Մատչելիության հղումներ

Շիրակի գյուղերում անասնակեր խոտի մեծ պակաս կա


Շիրակի մարզում գյուղական համայնքների մեծ մասում այս օրերին անասնակեր խոտի մեծ պակաս կա: Երաշտի հետևանքով դաշտերը չորացել են, և գյուղացիները շատ քիչ քանակի խոտ են կարողացել ամբարել:

Վարդաքարցի Արշակ Զատիկյանն ասում է՝ 6 հեկտար ցանքատարածությունից 600-ի փոխարեն հազիվ 100 հակ խոտ է կարողացել ստանալ: Հացահատիկի քաղից հետո դաշտում մնացած չորացած ցողունը, որ այրում կամ դաշտում էին թողնում, այս տարի ստիպված են եղել տուն բերել, որ գարու հետ խառնեն ու որպես անասնակեր օգտագործեն: Գյուղացու խոսքով՝ եղած խոտը չի բավականացնի անասունին ու ոչխարներին մինչև գարուն կերակրելու համար, և ստիպված կա՛մ կվաճառեն, կա՛մ մորթի կենթարկեն:

«Էրկու գլուխ անասուն ունիմ, 30 հատ օչխար ունիմ, հմի որ չկա՝ պտի մորթենք ուտենք: Գինն էլ էն գինն է, որ կուգան, յեքա կովին 130 հազար դրամ փող կուտան, որ անցած տարի 40 օրական հորթ եմ ծախել էդ գնի: Թե կրցանք պահել, պահենք, չէ՝ երբ վերջացավ անասնակերը, մորթենք ուտենք: Էս անասնակերը՝ մինչև դեկտեմբեր-հունվարի կեսեր», - նշեց Զատիկյանը:

Զատիկյանների ընտանիքը բազմանդամ է՝ 9 անձ, այս պահին երկու որդիներն էլ իրենց ընտանիքներով արտերկրում են: Խոտ գնելու ճար, ասում է, չունեն. – «Չեմ կըրա գնե՝ գումար չունիմ: Եթե էղներ, գոնե կգնեի 2000 դրամով, Մասիսից էն բամբուկը՝ էտի կքաղե, բերե, ծախե գը, կառնի ժողովուրդը ըտի, առեր է՝ բամբուկը, էդ ղամիշը: Ցորենի սալոմն էլ՝ 1000 դրամ, 1100 դրամ, եթե բերեն դուռդ թափեն: Առաջ էտի գին չի ունեցել, մեկս մեկիս եթե պետք էր՝ գնա, կըսեինք, կապե տար: Բայց հմի՝ չէ: Առաջ սալոմ հազարեն մեկ, որ բերել են մարդիկ, ըսենք, հորթի տակ քցելու, ճիշտ ա, անասունին էլ են կերակրե, բայց շատերը թողել են դաշտում: Բայց հմի էն տըկի ամբարից այ էս լաֆետով էլ բերել եմ»:

Վարդաքարցիների մեծ մասը անասունների մի մասին կա՛մ վաճառելու, կա՛մ հարկադրված մորթի ենթարկելու խնդրի առաջ են կանգնած: Աղվան Մկրտչյանը ևս մտածում է մորթի մասին:

«Կեր էս տարի դաշտերը հեչ չեղան, հեչ, սաղ վառավ-թափավ: Առել ենք 1800 դրամի տուկ, որ մեր էրկու գլուխը գոնե որոշ չափ պահենք, գարուն հանենք: Չկա», - ասաց Մկրտչյանը:

Գյուղացիներն ակնկալում են կառավարության օգնությունը, որպեսզի կարողանան խոտի հարցը լուծել: «Եթե պետությունը մե քիչըմ էդ խոտով օգնե, թեկուզ մե բանով օգնե, կարող է պահենք, եթե չէ, անհնար է: 20 հատ օչխար ունիմ, օչխարն էլ նախիր է, ուրիշ տեղ է, էնտեղից բերեմ ի՞նչ պտի կերցնեմ, էլի ստիպված վաճառելու եմ», - նշեց Աղվան Մկրտչյանը:

Անասունը հիմա դաշտից գրեթե սոված է գալիս, կաթնատվությունն էլ նվազել է, ասում է վարդաքարցին. - «Լավ վախտեր մարերս տասը լիտր կթվել են ամեն մեկը: Հմը՝ լիտրուկես, լիտրըմ, հեչ բան»:

Վարդաքարում հողատարածքներն անջրդի են, և ինչպես նշեցին «Ազատության» զրուցակիցները, ամռան ընթացքում միայն մեկ անգամ են անձրևի երես տեսել:

Խոտի խնդիրը նաև ոռոգելի ցանքատարածություններ ունեցող գյուղերում կա: Շիրակցի Մաթևոս Ույումջյանի դաշտերը ոռոգվել են, բայց, միևնույն է, կրկին շատ քիչ խոտ է կարողացել պահեստավորել. - «Ստիպված պտի առնինք: Հույսերս դրել ենք կարտոշկի վրա, որ կարտոշկեն ծախենք՝ գոնե անասնակեր առնենք, անասունին պահենք: Անասունն էլ գին չունի, կաթը գին չունի, միսը գին չունի: Հեչ մե բանը գին չունի, գյուղացու ունեցածը հեչ մե բանը գին չունի»:

Համացանցում վերջին օրերին հատկապես Շիրակի մարզից հանդիպում ես կա՛մ «Առաջարկեք խոտ», կա՛մ անասունի վաճառքի հայտարարությունների: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե գործը հասնի համատարած հարկադրված մորթի, մսի արհեստական գնանկում կլինի, և կրկին գյուղացին է տուժելու:

XS
SM
MD
LG