Շիրակցի Մաթևոս Ույումջյանը երկու հեկտար ցանքատարածությունից տուն բերած ցորենն է ցույց տալիս, բերքը քիչ է, նաև անորակ, դժգոհում է 60-ամյա շիրակցին:
«Երկու հեկտարից եմ հանել, երեք տոննա չի լինի, երեք տոննա ցորեն եմ հանել, 120 հատ էլ սալոմ եմ հանել, 17 պաշկա մենակ պարարտանյութ եմ տվել, 80 հազարի դեղ եմ տվել, ջուր եմ արել, ջրի վարձերը չեմ կարա տամ: Եկել, ջրի փող կուզեն, չի ծախվի, որ տանեմ, ջրի փողերը տամ: Ո՞վ կառնի, որ վաճառեմ, հավին կտամ, հավը կթքե երեսիս. որակ չկա հեչ վրան, սաղ կուտ: Երաշտ, կարկուտ… Համարյա 600 հազար փող եմ դրել», - ասում է նա` հավելելով, որ վաճառքի դեպքում նույնիսկ 100 հազար դրամ չեն տա. «Թող էրթա, բանկը մտածե, ես ի՞նչ անեմ, սաղ վարկով է»:
Թեև մոտ հազար բնակիչ ունեցող Շիրակ գյուղը ոռոգման ջրի խնդիր չի ունեցել, այդուհանդերձ երաշտի պատճառով բերքը չորացել ու նվազ է ստացվել. «Ալյուր դաժե չի եղնի, ստիպված պիտի առնենք, 13 ջան ունենք տունը, հո չեմ կարա սոված թողնեմ: Ես ամեն տարի 2-3 տոննա ցորեն կաղամ իմ տան համար մենակ, բայց էս տարի չկա»:
Մոտ 10 տարի հողագործությամբ զբաղվող Տարոն Մարտիրոսյանը 3 հեկտար գարի է ցանել: Մոտ 900 կգ գարի է ցանել ու մոտ այդքան էլ ստացել է: Ստացված գարին էլ անորակ է կրկին երաշտի պատճառով. «Որակը լրիվ անասնակեր, սերմի տեղ հաստատ չի օգտագործվի, որովհետև 50 տոկոսը համարյա խոտ է, մնացածն էլ գարին է, որը շատ նվազ է, իմաստ չունի սա սերմի տեղ պահել, համենայն դեպս չենք էլ կարա պահել, որովհետև անանսակեր էլ հերիք չի լինի»:
Մարտիրոսյանը 12 հեկտար էլ ցորեն է ցանել ու կրկին իր ակնկալածից մի քանի անգամ պակաս բերք ստացել: Հեկտարի վրա կատարված ծախսն է հաշվարկում ու ասում, որ հաջորդ տարվա վարուցանքի համար գյուղացին կանխիկ գումարի խնդիր կունենա. «Մոտավորապես 12 հեկտարից ստացել եմ 15 տոննա առավելագույնը ցորեն, 12 հեկտարի վրա մի 4 միլիոն ծախսել եմ սերմով, ստացած բերքը որ լրիվ ամբողջությամբ վաճառեմ, հնարավոր չէ գոնե կեսի չափ կարողանամ, այսօրվա դրությամբ 125 դրամ է, էն էլ որակն էլ որակ չէ, ալյուրի տալ էլ չգիտեմ` կօգտագործվի, թե չէ, մոտ կկազմի ամենաշատը 1.5: 4 միլիոն ծախսել ենք, 2.5 նվազագույնը տուժել ենք»:
Վարկերի մարման խնդիր առաջ են կանգնած գյուղով: Մտավախություն ունեն, որ չեն կարողանա վերցրած վարկերը մարել ու բանկերի սև ցուցակներում կհայտնվեն. «Կգցեն սև ցուցակ ու լրիվ կկործանվենք, էլ բանկերն էլ երեսներս չեն նայի»:
Շիրակը մոտ 1000 հեկտար վարելահող ունի և գրեթե ամբողջությամբ մշակվում է, նշում է համայնքի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը: Սակավաջուր տարում ոռոգման ջրի խնդիր չեն ունեցել, բայց ոռոգման ջրի գումարը մուծելու խնդիր ունեն: Բերքը պետք է վաճառեին, որ վճարեին, բայց ստացված բերքը մթերողները չեն մթերում: Վարչական ղեկավարն ահազանգում է` սերմացուի լուրջ խնդիր կա. «Այս տարի ցորենի շատ քիչ բերք է ստացվել գյուղում, ունեցել ենք մոտ 390 հեկտար ցանված ցորեն, բայց միջինացված ցուցանիշով եղել է 10-12 ցենտեր հեկտարի հաշվով, այսինքն` լուրջ խնդիր ենք ունենալու ցորենի հետ կապված և սերմացուի խնդիր ունենք, քանի որ այդ ստացված բերքը պիտանի չէ որպես սերմացու օգտագործելու: Ստացված ամբողջը նվազ հատիկներ են կամ կուտ է, ինքն անասնակերի համար է, մթերման խնդիր էլ այսօր ունի գյուղացին, որովհետև այդ ստացված ցորենը չեն մթերի, որովհետև ալյուրի համար ոչ պիտանի է ինքը»:
Ամեն դեպքում գյուղացիները չեն պատրաստվում իրենց հողատարածքներն անմշակ թողնել: