Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 180 հազար քաղաքացի, ըստ վարակաբանի, ցուցանիշը ցածր է


Հայաստանում պատվաստումային գործընթացի մեկնարկից գրեթե 5 ամիս անց պատվաստվել է ավելի քան 180 հազար քաղաքացի, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 6.2 տոկոսը։ Այդուհանդերձ, մինչ այս պահը դեռևս հայտնի չէ, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի բնակիչ, քանիսը՝ օտարերկրացի։

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ առանձին վիճակագրություն վարվում է, այն կհրապարակվի շուրջ 10 օր հետո։ Պատվաստվածների այս ցուցանիշը շատ ցածր է, ասում է վարակաբան Հասմիկ Ղազինյանը, շարունակելով՝ հատկապես այն փուլում, երբ Հայաստանում ևս շրջանառվում է վիրուսի արագ տարածվող, ավելի ծանր ընթացքով դելտա տարբերակը։

«Պարզվում է, որ բնական հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը այդքան էլ կայուն չէ, հետևաբար այն պետք է ամրապնդել: Երկրորդը՝ իսկապես ամբողջ աշխարհում շրջանառվում է «Դելտա» մուտանտը, օրինակ, մեր հարևան երկրում՝ Վրաստանում ինֆեկցվածների 40 տոկոսը «Դելտա» մուտացիայով է, հետևաբար մեզ մոտ նույնպես այն մեծ թափ կառնի, համոզված եմ, դա է ինֆեկցիայի կանխորոշումը, որը ավելի ագրեսիվ է, ավելի ծանր կլինիկական ձևերի է հանգեցնում: Հետևաբար այս պատվաստումը լավագույն կանխարգելիչ մեթոդն է «Դելտա» ինֆեկցիայի դեմ պայքարելու համար: Նույնիսկ եթե մարդիկ վարակվում են, ապա այն կարող է ընթանալ շատ հանդարտ, առանց որևիցե բարդությունների», - ասաց վարակաբանը:

Այն, որ Հայաստանում ևս շրջանառվում է աշխարհում մոլեգնող «Դելտա» շտամը, հայտարարվեց օրեր առաջ, երբ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ հետազոտություն է անցկացվել. քովիդ դրական արդյունքներից 30 նմուշ է առանձնացվել, որոնց մեծ մասում՝ 25-ում, «Դելտա» շտամ է հայտնաբերվել, իսկ 4-ում՝ բրիտանական շտամ։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ այս պահին հաստատված պատվաստանյութերը գործում են ընդդեմ ընթացիկ վիրուսի տարբերակների՝ ներառյալ «Դելտա»-ի հետևանքով արձանագրվող հնարավոր խնդիրների ժամանակ։ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ՝ քովիդի ծանր հիվանդությունից և մահից պաշտպանությունը հիմնականում պահպանվում է ամբողջական պատվաստումից հետո:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ համաճարակային իրավիճակը Հայաստանում լարված է, կորոնավիրուսով վարակակիրների թվի աճ է նկատվում։ Ըստ համաճարակաբանի՝ հատկապես հիմա, երբ Հայաստանում շրջանառվում է «Դելտա» շտամը, վարակը կառավարելու համար նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացում, այժմ քննարկման փուլում է դրան ուղղված մի նախագիծ:

«Պարտադիր պահանջ սահմանող նախարարի հրամանը. սանիտարական կանոնները, նորմերը փոփոխվել են և այնտեղ, օրինակ, ներառվել է պահանջ, որ բոլոր կազմակերպությունները, պետական կառավարման մարմինները, անկախ կազմակերպաիրավական ձևից, բոլոր այդ կազմակերպության աշխատակիցները պետք է պատվաստվեն կամ պատվաստումից հրաժարվելու դեպքում պետք է 14 օրը մեկ հանձնեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրենց հաշվին», - ներկայացրեց Աբովյանը:

Այժմ Հայաստանում 18-ից բարձր բոլոր անձանց համար անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է հասանելի՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակը»։

Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում՝ նոր պատվաստանյութեր ներկրելու համար․ աշնանը Հայաստան կբերվեն ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։ Քննարկվում է նաև Pfizer և Moderna ձեռք բերելու հնարավորությունները։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Ֆրանսիայի նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 հազար դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին:

Ֆրանսիայի նախագահը թվիթերում գրել է նաև. «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 հազար դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը։

XS
SM
MD
LG