Մատչելիության հղումներ

«Ակնհայտ է, որ դեռ հեռու ենք համավարակի ավարտից», - հայտնում են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից


Ամբողջ աշխարհին անհանգստացնող «Դելտա» շտամը Հայաստանում ևս շրջանառվում է։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը համատեղ հետազոտություն են անցկացրել. քովիդ դրական արդյունքներից 30 նմուշ են առանձնացրել, որոնց մեծ մասում՝ 25-ում, «Դելտա» շտամ է հայտնաբերվել, իսկ 4-ում՝ բրիտանական շտամ։

«Մենք այսօր ունենք ընտրանքային վերցված 30 նմուշ, որից 4 նմուշում եղել է բրիտանական շտամը, 25 նմուշում եղել է «Դելտա» շտամը: Ընդ որում, մի փոքր մանրամասնեմ, որ նմուշները վերցվել են պատահականության սկզբունքով ընտրանքային, որպեսզի լինեն ավելի ներկայացուցչական և վերցվել են մի քանի խումբ անձանցից, այսինքն վերցվել են կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներից, նմուշներ են վերցվել նաև այս ողջ ընթացքում երկու անգամ ՊՇՌ դրական լաբորատոր հետազոտություն անցած և դրական արդյունք արձանագրած անձանցից, այսինքն «կրկնավարկներից», նաև նմուշներ էին վերցվել օդային սահմանային անցակետով մուտք գործած անձանցից, ովքեր ունեին ՊՇՌ լաբորատոր հետազոտության դրական արդյունք: Ընդ որում, պետք է նշեմ, որ այդ օդային սահմանով մուտք գործած 4 նմուշից 4-ում էլ «Դելտան» է անջատվել», - ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Խոսելով բրիտանական շտամի և «Դելտա»-ի տարբերությունների մասին, համաճարակաբանը նախ ընդգծում է՝ «Դելտա»-ն կրկնակի ավելի արագ է տարածվում. «Օրինակ՝ եթե բրիտանական շտամը՝ մեկ անձը կարող է վարակել 4 անձի, ապա դելտայի դեպքում մեկ անձը վարակում է 6 անձի, եթե չինական, այդ սկզբնաղբյուր շտամը մեկ անձ վարակում էր 3 անձի, ապա դելտան կրկնակի ավելի շատ անձ է վարակում, ինչը նշանակում է, որ ինքը կրկնակի անգամ տարածվում է»:

Ի՞նչ է հայտնի վիրուսի այս տարբերակի մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին՝ «Դելտա» շտամը արագորեն տարածվում և հանգեցնում է հոսպիտալացման ավելացմանը՝ ամբողջովին չպատվաստված անձանց շրջանում։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այս պահին հաստատված պատվաստանյութերը գործում են ընդդեմ ընթացիկ վիրուսի տարբերակների՝ ներառյալ «Դելտա»-ի հետևանքով արձանագրվող հնարավոր խնդիրների ժամանակ։

Ըստ ԱՀԿ-ի՝ քովիդի ծանր հիվանդությունից և մահից պաշտպանությունը հիմնականում պահպանվում է ամբողջական պատվաստումից հետո: ԱՀԿ-ն կոչ է անում մարդկանց լինել սեփական ռիսկերի կառավարիչը` անվտանգ պահելու թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց, քանի որ ակնհայտ է, որ դեռ հեռու ենք համավարակի ավարտից։

Եթե, օրինակ, ամիսներ շարունակ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազում էր նկատվում, իրավիճակը կայուն էր, ապա այսօր արդեն, ըստ համաճարակաբանի՝ կորոնավիրուսի վարակվածության դեպքերի աճով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը լարված է։

«Անհանգստացնող է այն, որ եթե մենք մեկ ամիս, 1,5 ամիս առաջ գտնվում էինք Եվրամիության չափանիշներով կանաչ գոտում, դեպքերի համամասնորեն աճի հետ զուգահեռ մենք արդեն մտանք նարնջագույն գոտի և այս պահի դրությամբ արդեն կարմիր գոտու շեմին ենք: Կարող եմ ուղղակի Եվրամիության չափանիշները նշել, որ 100 հազար բնակչի հաշվարկով հիվանդացության ցուցանիշը և ընդհանուր թեստերի տեսակարար կշիռն է որոշում, թե որ երկիրը որ գոտում է գտնվում: Ըստ Եվրամիության չափանիշների, օրինակ, դրական թեստերի տեսակարար կշիռը պետք է լինի ոչ ավելի քան 4 տոկոս, մենք արդեն 3,7 տոկոսի ենք հասել, եթե անցնենք 4 տոկոսի շեմը, բնականաբար, արդեն հիվանդացության շեմն է բարձրանում, մենք արդեն կմտնենք նորից կարմիր գոտի», - ընդգծեց համաճարակաբանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչն ընդգծում է՝ եթե կանխարգելիչ միջոցառումները պատշաճ չիրականացվեն, ապա առաջիկայում կանխատեսում են ավելի քան 1700 նոր դեպք։

XS
SM
MD
LG