Երեկոյան ժամը 17 ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հրազենային թեթև վիրավորում է ստացել 3 զինծառայող, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Իսկ պաշտոնական Բաքուն հաղորդում է, թե հայկական զինված ուժերն են կրակ բացել Քելբաջարի շրջանի սահմանին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառյող է զոհվել։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է. Ադրբեջանի մարտական հենակետերում կրակահերթեր են հնչել, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջանձնային բնույթի միջադեպով։ Պաշտպանության նախարարությունից շեշտում են, որ որևէ հակազդող գործողությունների չեն դիմել մինչև այն պահը, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ։
Նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքը՝ նշելով, որ իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Վարդենիսի տարածաշրջանի Կութի ու Սոթքի հատվածում է այս միջադեպը գրանցվել։ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի տեղեկացմամբ, կրակոցներն ինտենսիվ էին, վիրավորում ստացած երեք զինշառայողներից երկուսը պայմանագրայիններ են, մեկը ժամկետային. - «Կրակողներ են եղել ինտենսիվ։ Երեք վիրավորի մասին կա տեղեկություն, որ վիրավորվել են, բայց ծանր չէ»։
Ըստ համայնքապետի` այժմ էլ սահմանին հանգիստ չէ, ադրբեջանական կողմը շարունակում է կրակել Կութի ու Սոթքի մի քանի հայկական դիրքերի ուղղությամբ։
Սահմանի այս հատվածում անհանգիստ էր նաև մի քանի օր առաջ. - «Էս գիշեր հանգիստ ա եղել համեմատաբար։ Մի քանի կրակոցները չենք համարում որպես կրակոցներ, դա մշտական է լինում։ Ինտեսվիվ կրակոցներ մի քանի օր առաջ էր, մեկ էլ էսօր ա սկսվել», - ասաց համայնքապետը։
Վերջին օրերին իրավիճակը լարված էր նաև Երասխի, Նախիջևանի ուղղությամբ։