Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը անարդյունավետ քննարկումների մեջ էր ռուսական կողմի հետ, կարծում է քաղաքական մեկնաբանը


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ պաշտպանության արդեն նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անարդյունավետ քննարկումների մեջ էր ռուսական կողմի հետ։

Բադալյանը չի բացառում, որ հենց Երասխում տեղի ունեցող իրադարձություն էլ դարձավ այն վերջին կաթիլը, որն արագացրեց Հարությունյանի հրաժարականը։

Հակոբ Բադալյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Եթե պաշտպանության նախարարը փոխվեր նոր կառավարության ձևավորման արդյունքում, հարցեր թերևս չառաջանային, բայց ինչ ենք մենք տեսնում` 44-օրյա պատերազմից հետո ամենաթեժ շրջանում, երբ Երասխում ռազմական գործողություններ էին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում նույնպես անհանգիստ էր, հենց այդ ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հրաժարական է տալիս, ի՞նչ է սա նշանակում։

Հակոբ Բադալյան․ - Այո, այն ֆոնը, որի շրջանակում տեղի ունեցավ հրաժարականը, առաջացնում է հարցեր, թե արդյո՞ք դա կապված էր Երասխում սահմանային իրավիճակի հետ, և ընդհանրապես սահմանային իրավիճակի հետ: Մյուս կողմից նաև հայտնի է, որ մամուլում մինչ այդ հրապարակվել էր տեղեկություն, որ պաշտպանության նախարարը կփոխվի, անուններն էին նշվել, այսինքն՝ նոր նախարարի անունը նշվել էր հենց Արշակ Կարապետյանը, և այս դեպքում, եթե անգամ պլանավորված էր այդ փոփոխությունը կառավարության փոփոխության շրջանակում, ապա հարց է առաջանում, արդյո՞ք Երասխի իրադարձություններն արագացրին այդ փոփոխությունը և ինչո՞ւ չսպասեցին որպեսզի այդ ամենը տեղի ունենա հենց կառավարության ձևավորման գործընթացում։ Այս հարցերի պատասխանները մենք, բնականաբար, չունենք, կունենանք, թե՝ ոչ, շատ դժվար է ասել, որովհետև մեզանում կա այդ բացասական ավանդույթն այն իմաստով, որ պաշտոնանկությունները, կամ հրաժարականները գոնե նվազագույն հանգամանալիությամբ չեն բացատրվում, որպեսզի հասարակության համար պարզ լինի, թե այս կամ այն նախարարն ինչու թողեց պաշտոնը, ինչու փոխարինվեց, կամ ինչու հրաժարական տվեց։ Այս տեսանկյունից հարցեր իհարկե կան, և այստեղ մի հանգամանք անշուշտ կա՝ մենք տեսնում էինք այս ամիսների ընթացքում, որ մեր պաշտպանության նապարար Վաղարշակ Հարությունյանն ինտենսիվ քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ՝ թե՛ Շոյգույի, թե՛ Գլխավոր շտաբի պետի հետ, պարբերաբար դրանք տեղի էին ունենում, քննարկվում էր սահմանային իրավիճակը, ինչ-որ անելիքներ և այլն, բայց մենք տեսնում էինք, որ այդ հանդիպումները, կամ այդ զրույցները, քաննարկումները, համենայն դեպս, շոշափելի արդյունքներ կարծես թե չէին ունենում և մենք պարբերաբար ունենում էինք խնդիրներ սահմանային իրավիճակում, և այս դեպքում հարց կարող է առաջանալ՝ իսկապես, արդյո՞ք Երասխը դա մի վերջին կաթիլ էր, կամ մի իրադարձություն էր, որն արագացրեց այդ զարգացումները։

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք կարծում եք, ամեն դեպքում, Երասխում տեղի ունեցող իրադարձությունները նշանակություն ունեցել են, բայց հիմքում հայ-ռուսական ռազմական համագործակցության ոչ այդքան էլ արդյունավետ լինելն էր, և սրա՞նք են այն հիմնական պատճառները, որոնք հանգեցրեցին Վաղարշակ Հարությունյանի հրաժարականին։

Հակոբ Բադալյան․ - Ես չեմ համարձակվում գնահատել, թե հատկապես ինչն էր պատճառը, պարզապես, որպես դիտարկում, նշում եմ, օրինակ, նախարար Հարությունյանի գործունեության արդյունքը, կամ շոշափելի դրսևորումները։ Իհարկե չափազանց ծանր ժամանակահատվածում էր նա իր նախարարի պաշտոնում աշխատում և իր գործառույթներն իրականացնում, բայց մեծ հաշվով եթե դիտարկենք այս ամիսները, կտեսնենք, որ շոշափելի որևէ արդյունքով պաշտոնավարումն էդպես էլ չդրսևորվեց և հակառակը՝ եղան մի շարք դեպքեր, սկսած կազմակերպական հարցերից, մինչև ընդհանրապես պաշտպանական գործունեությունը և բանակի գործունեությունը, որ առաջացրեցին հարցեր՝ մեղմ ասած հարցեր։

«Ազատություն»․ - Դուք նկատի ունեք, հավանաբար, որ մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք։

Հակոբ Բադալյան․ - Օրինակ հենց դա, այսինքն՝ էդտեղ հենց հարցեր առաջացան, թե ինչու է դա տեղի ունեցել այսպես անարգել։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG