Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն սահմանի Երասխի հատվածում․ հայկական կողմը զոհ ունի, ադրբեջանականը` վիրավոր


ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Նախիջևանին սահմանակից Երասխի հատվածում հրազենային վիրավորումից 38-ամյա պայմանագրային է մահացել։ Ըստ Պաշտպանության նախարարության` միջադեպն առավոտյան 10:30-ի սահմաններում է գրանցվել. Ադրբեջանի զինուժը փորձել է մարտական դիրքերն առաջ բերել, ամրաշինական աշխատանքեր է սկսել։ Հայկական կողմի արձագանքից հետո էլ փոխհրաձգություն է սկսվել։

«Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը», - ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողություններն ու նախազգուշացնում՝ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Պաշտպանության նախարարությունից հայտնում են՝ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Երասխում սահմանի փոխհրաձգության մասին գյուղացիներից շատերը կա՛մ լրատվամիջոցներից, կա՛մ էլ հարազատներից են իմացել: Գյուղում այսօր հանգիստ իրավիճակ էր։

«Կողքի գյուղում աշխատում էի, հելա, էնտեղ կրակոց էր», - պատմում է տեղիացիներից մեկը, մյուսը` ավելացնում. «Իմացանք, ասացին` կրակոցներ են եղել: Տարածքը, որտեղ կրակոց է եղել, այստեղ չի լսվում»:

Գուրգեն Ղռաջյանը չի լսել, բայց փոխարենը վերջերես տեղի ունեցած դեպքին է ականատես եղել։ Պատմում է՝ ադրբեջանցիների թիրախում ինժեներական աշխատանքեր իրականացնող տրակտորն էր հայտնվել. «Թուրքերը կրակեցին մեր ինժեներական գործ անող տրակտորի վրա, ես տեսա»:

Բաքուն իր հերթին տեղի ունեցածի պատասխանատվությունը գցում է հայկական կողմի վրա։ Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության` Հայաստանի զինուժն է կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. մեկ զինծառայող է վիրավորվել:

Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին նաև պաշտոնական Երևանն է արձագանքել։ Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները՝ դրանք սադրանք որակելով։ Ըստ Արտգործնախարարության` պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ:

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Նախիջևանի հատվածը երկար ժամանակ է` համեմատաբար խաղաղ էր, այստեղ վերջին անգամ ադրբեջանական զինուժի կողմից ռուսական Մի-24 ուղղաթիռն էր խոցվել՝ նոյեմբերի 9-ին` 44-օրյա պատերազմի վերջին օրը։ Պատերազմից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածում է լարված։ Արդեն 2 ամիս է՝ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ ու չի հեռանում։ Սահմանին պարբերաբար միջադեպեր են գրանցվում, Գեղարքունիքից 6 հայ զինծառայող էր գերավարվել, ու մեկը` զոհվել։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը մի քանի պատճառ է տեսնում, թե ինչու է ադրբեջանական կողմը հիմա էլ Նախիջևանին սահմանակից հատվածում իրավիճակը լարում. «Այս սրացումը կապում եմ Շուշիի այցի և Շուշիի այցից հետո տեղի ունեցած Արտաքին գործերի նախարարության համապատասխան նոտայի հետ»:

Արեգ Քոչինյանն ասում է՝ առիթը պաշտոնական Երևանի արձագանքն էր օտարերկյա դիվանագետների՝ Շուշի կատարած այցին, բայց նպատակը՝ լարվածության նոր օջախներով Հայաստանին պարտադրել գնալ զիջումների. «Ադրբեջանը, ըստ իս, որդեգրել է մեր դիմադրողականության հնարավորինս նվազեցման քաղաքականություն: Քանի որ մենք այս պահի դրությամբ պատրաստ չենք լայնածավալ պատերազմի, Ադրբեջանը բոլոր հնարավոր ուղղություններից փորձելու է մեզ հարվածել` ակնկալելով երկու բան` կա՛մ քաղաքական մակարդակում զիջումներ, կա՛մ ևս մեկ սահմանում մենք պետք է խնդրենք, որ ռուս խաղաղարարները կոնտինգենտ տեղակայեն: Ի վերջո, չի կարող չէ՞ լինել իրավիճակ, երբ մեր բոլոր սահմանները անխտիր 360 աստիճանով պահպանեն ռուս խաղաղապահները: Դա տապալված պետության էլեմենտներից մեկն է»:

Ավելի ուշ էլ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայողի և վարորդի հետ։ Ըստ պաշտպանական գերատեսչության` անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։




Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG