Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղի բնակիչների իրավունքները, արձանագրում է Թաթոյանը


Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները, արձանագում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Պաշտպանն ընդգծում է՝ նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում, իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով: Բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:

Ըստ Թաթոյանի՝ երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի Հայաստանի տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ նրանք զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը հարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

«Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող Հայաստանի Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը: Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին», - հայտնում է Թաթոյանը՝ շեշտելով՝ նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Նշված միջադեպից բացի, մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը: Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Պաշտպանը հատուկ արձանագրում է՝ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ Հայաստանի քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ: «Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ)», - ասված է հայտարարությունում:


XS
SM
MD
LG