Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը. ՄԻՊ


Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար, անդրադառնալով այսօր Գեղարքունիքի սահմանային հատվածում տեղի ունեցած փոխհրաձգությանը, ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանում` Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, այսօր ևս փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել: Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, ըստ պաշտոնական հաղորդագրություն, դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Թաթոյանը մանրամասնել է՝ այսօր 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում:

Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

«Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն», - նշել է Թաթոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG