Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել ռազմագերիների վերադարձի ուղղությամբ. Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույց


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձի ուղղությամբ, տեղեկացնում է Հայաստանի կառավարության ղեկավարի լրատվական ծառայությունը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Բլինքենը «հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում»:

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` Միացյալ Նահանգների պետքարտուղարը շեշտել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:

Հիշեցնենք, հայաստանյան խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց Փաշինյանին շնորհավորել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, թե Վաշինգտոնը հավատարիմ է Երևանի հետ գործընկերության ամրապնդմանը։

Բլինքենի հետ հեռախոսազրույյցի ընթացքում, իր հերթին, Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը:

Ռիքերի՝ Թբիլիսի, Բաքու ու Երևան կատարած այցից ընդամնեը երկու օր անց՝ հունիսի 12-ին Ադրբեջանը վերադարձրեց հայաստանցի 15 ռազմագերիների։ Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ անցած տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադարի մասին եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հայտարարությամբ կողմերը պարտավորվել էին վերադարձնել իրենց մոտ եղած բոլոր ռազմագերիներին ու ձերբակալված անձանց, սակայն ամիսներ շարունակ՝ մինչև հունիսի 12-ը ադրբեջանական կողմը հրաժարվում էր ազատ արձակել ռազմագերիներին, իսկ պաշտոնական Մոսկվան էլ՝ որպես փաստաթղթի կողմ, այդ ողջ ընթացքում նման իրավիճակը քննադատող հրապարակային գեթ մեկ հայտարարություն չարեց։

Ուշագրավ է, որ Ֆիլիպ Ռիքերի հարավկովկասյան այցից, գերիների վերադարձից ընդամնեը օրեր անց՝ հուլիսի 3-ին, այս անգամ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը ազատ արձակեց ճիշտ նույն քանակի՝ 15 ռազմագերիների, որոնց Երևան ուղեկցեց Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը։ Արդյո՞ք այդ կերպ ռուսական կողմը շտապեց ի ցույց դնել, որ պաշտոնական Մոսկվան նույնպես ինչ-որ քայլեր է ձեռնարկում հայաստանցի ռազմագերիների ազատ արձակման գործում, անշուշտ, կարևոր հարց է։

Ի դեպ, Հայաստանի կառավարության ղեկավարի լրատվական ծառայության փոխանցմամբ, Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Վերջին ամիսներին սա երկրորդ հեռախոսազրույցն է Փաշինյանի ու Բլինքենի միջև. նախորդը մարտի 5-ին էր։

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, վերոնշյալը վկայում է տարածաշրջանում ակտիվ քաղաքականություն վարելու Բայդենի վարչակազմի որոշման մասին։

«Այս խոսակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի կողմից Շուշի չայցելելուց հետո։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները խնդիր են տեսնում այս հետպատերազմական ստատուս քվոյի հետ, և այցելությամբ Շուշի ցանկություն չունեն որևէ ձևով լեգիտիմացնել այս նոր ստատուց քվոն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մեհրաբյանը։

XS
SM
MD
LG