Մատչելիության հղումներ

Նիդերլանդները Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին


Նիդերլանդների կառավարությունը Ադրբեջանին հստակ կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը։

Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը բանաձև էր ընդունել՝ պահանջելով հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը, որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո և որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց։ Խորհրդարանը արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին, կոչ էր արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։

«Նիդերլանդները փոքր երկիր է, և այդ առումով մենք փորձում ենք ողջ ներուժը, մեր ջանքերը ուղղենք հիմնականում դեպի Եվրամիություն՝ առավել արդյունավետ լինելու համար։ Կարծում ենք, որ շատ կարևոր է, որ այստեղ Մինսկի խումբը առաջատար լինի և ստանա հնարավորինս շատ երկրների աջակցությունը», - ասաց դեսպանը։

Նիկոլաս Սխերմերսը, ով Նիդերլանդների առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում, ասաց՝ քաջատեղյակ է սահմանին տիրող իրավիճակին, նշեց նաև, որ իրազեկված են հումանիտար կարիքների հետ կապված հարցերի մասին և փորձել են կենտրոնացնել իրենց ռեսուրսներն՝ օգնություն ցույց տալու համար: Դեսպանի խոսքով՝ Նիդերլանդները որպես Եվրամիության անդամ երկիր՝ կառույցի միջոցով ֆինանսական հատկացումներ է ուղղել Հայաստանին։

«Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Պետք է անդրադառնամ այն փաստին, որ Նիդերլանդների համար այս պատերազմը սկսվել է 30 տարի առաջ, որովհետև երկրների տարածքային ամբողջականության խնդրի հետ էինք մենք բախվում։ Պետք է ասեմ, որ Նիդերլանդները փոքր դերակատարում ունեն այս հարցում, այդ պատճառով մեր բոլոր ջանքերն անցնում են Եվրամիության և Մինսկի խմբի միջոցով։ Մենք հուսով ենք խնդրի լուծումը շատ շուտով կգտնվի», - ընդգծեց Սխերմերսը։

Անդրադառնալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ համագործակցությանը, դեսպանը շեշտեց աշխատանքներ են տարվում տնտեսության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման ուղղությամբ. «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ քննարկել կարևոր հարցեր երկկողմ համագործակցության մասին»:

Ինչ վերաբերում է տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերին, դեսպանը հույս ունի, որ շուտով հստակ քայլեր կիրականացվեն և որոշումներ կկայացվեն՝ երկկողմանի ճամփորդելու համար։

«Միանշանակ մեծ հույսեր ունեմ, որ այդ առումով հստակ քայլեր կիրականացվեն, շատ շուտով արդեն որոշումներ կկայացվեն։ Ես նկատել եմ և տեղեկացրել եմ իմ գործընկերներին COVID-19-ի տարածման բավականին ցածր ցուցանիշների մասին, Նիդերլանդներում արդեն դրա մասին գիտեն և հույս ունեմ, որ շատ շուտով այս առումով արդեն դրական որոշում կկայացվի։ Հուսով եմ, որ շուտով մարդիկ հնարավորություն կունենան երկկողմանի ճամփորդել, առանց որևէ դժվարության և որ Հայաստանի բնակիչներին վիզա կտրամադրվի առանց որևէ բարդությունների», - ասաց Սխերմերսը։

Եվրամիության անդամ երկրներից որոշներն արդեն իսկ հայտարարել են, թե ինչ պայմաններով կարող են Հայաստանի քաղաքացիները մուտք գործել իրենց երկիր։ Եվրոպական խորհուրդը նախորդ շաբաթ որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները չեղարկվել են: Փաստացի, առանց դրա ԵՄ անդամ որևէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Հիմա, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:

«Ապահով» այդ երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:

XS
SM
MD
LG