Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը


Այսօր կայացել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Հայկական կողմի հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, նշել է. «Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման»

Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին հայ գերիների վերադարձի հարցում ունեցած դերակատարության համար:

«Պետք է տեղեկացնեմ, որ մինչ այժմ ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը, սակայն ի ուրախություն մեզ այստեղ առանց ուրախ լուրերի իրավիճակ չէ, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ դրանում ընդգծել Ձեր անձնական դերակատարությունը և շնորհակալություն հայտնել: Մենք հունիսի 24-ի մեր հեռախոսազրույցի ընթացքում այդ թեման քննարկել ենք, և մեկ շաբաթ անց մեր 15 հայրենակիցները վերադարձան հայրենիք», - ընդգծել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է: Փաշինյանը հավելել է, որ ոչ կայուն իրադրություն է նաև հայ-ադրբեջանական սահմանին. - «Դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունեմ, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»:

«Ցավոք, վերջին ժամանակներս մենք հաճախ քննարկում ենք անվտանգության հետ կապված հարցեր, որովհետև մեր տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակ է: Իհարկե, բոլորը գիտեն 44-օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հասնելու գործում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ», - ընդգծել է Փաշինյանը:

Նա հավելել է նաև, որ լավ նորություններ կան տնտեսության ոլորտում: «Հույս ունեմ հիշում եք, որ 2019 թվականին մենք Երևանում քննարկել էինք «Հարավկովկասյան երկաթուղիների» գործունեության հետ կապված հարցեր: Պետք է ասեմ, որ այսօր Հայաստանում ամբողջ թափով ընթանում է երկաթուղային շարժակազմի թարմացում, ինչը շատ լավ նորություն է, քանի որ իրականացվում է մեծ ներդրումային ծրագիր:

Պետք է ասեմ, որ կորոնավիրուսային տարվանից հետո ընթացիկ տարում նաև աճում է Հայաստանից Ռուսաստան արտահանումը: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու համար, արդեն ստացել ենք ավելի քան 100 հազար դեղաչափ և, փառք Աստծո, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում բավականին լավ է: Այդ ֆոնին արդեն նկատվում է դեպի Հայաստան ռուս զբոսաշրջիկների հոսք, ինչը շատ լավ նորություն է», - նշել է Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG