Մատչելիության հղումներ

Ըստ Թաթոյանի` մարդկանց իրավունքների խախտման ֆոնին չի կարող խոսք գնալ սահմանազատման աշխատանքի մասին


Սյունիքի, Գեղարքունիքի սահմանային գյուղերի բնակիչները պարբերաբար ահազանգում են՝ հայկական տարածքներից չհեռացող ադրբեջանցի զինվորները իրենց կյանքը լցրել են 24-ժամյա վախով:

«Որովհետև մենք ցածր ենք, միշտ մտածում էինք, որ իրենց բարձրից էին, կարող ա ինչ-որ մի բան, հարձակվեն, մեզ էլ տեղ չունենք փախնելու», - ասում է Վերիշների բնակիչներից մեկը:

Սահմանային հարցերը քննարկվում են ամբողջությամբ սխալ ուղղությամբ, շեշտում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Դիտարկվում է միայն ռազմական ու քաղաքական բաղադրիչը, և անտեսվում են սահմանին ապրող մարդկանց իրավունքները. «Մեր քաղաքացիների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց Հայաստանի Հանրապետությունն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն, և այն պատճառով, քանի որ ամբողջությամբ հարցերը դիտարկվում են ռազմական ու քաղաքական տեսանկյունից, դրա համար մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենում»:

Ըստ Թաթոյանի` սահմանային խախտումները արձանագրելու համար Հայաստանն ունի միջազգային մեխանիզմներ՝ ՄԱԿ, Եվրոպական դատարան: Պետք է դիմել, ասում է նա. «Կոչ անենք, ստեղծենք, նպաստենք, որպեսզի առաջադրվեն կամ նշանակվեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ, հրավիրենք հատուկ առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն, տանենք սահմանային հատվածները, որպեսզի այդ խախտումներն արձանագրեն»:

Բանակցությունների հիմքում մարդու իրավունքները շեշտադրելով՝ կարող ենք ամրապնդել մեր դիրքերը նաև ռազմաքաղաքական ատյաններում, վստահ է պաշտպանը, իսկ սահմանագծին ապրողների իրավունքները համատարած են ոտնահարվում: Փաստեր որքան ուզեք, այսպես Թաթոյանը շարում է՝ կյանքի իրավունք՝ զինված ադրբեջանցիները կանգնած են Հայաստանի համայնքներն իրար կապող ճանապարհներին, սեփականության իրավունք՝ մարդկանց արտովայրերում ու վարելահողերում ադրբեջանցի զինվորներ են նստած. «Մարդն ունի կադաստրային վկայական, ընդ որում մենք ունենք բազմաթիվ փաստաթղթեր, որ կադաստրային վկայականները մարդկանց են տրվել Խորհրդային Միության ժամանակահատված փաստաթղթերի հիման վրա»:


Կենսակաան անհրաժեշտության՝ ջրի իրավունքից են զրկված մարդիկ, շեշտում է պաշտպանը: Վերիշենը Սև լճի տակ է, Լիճը, հարակից արոտավայրերը` հայկական կողմի համար անհասանելի:

Երկու ամիս է՝ ադրբեջանցիներն իրենց հսկողության տակ են առել նաև Վերին շորժայի ջրային ավազանները, որ մարդկանց խմելու ոռոգման ջուրն է, դրանից էլ առաջ` արդեն հինգ տարի է Մեղրիի Զվարա վտակի հունն են փոխել, այն Մեղրի գետ այլևս չի թափվում:

«Ադրբեջանցիները փոխել են հատուկ հունը այս վտակի, չի միանում այլևս գետին, դրա համար էլ օգոստոսից սկսած լրջագույն խնդիրներ են առաջանում ջրի հասանելիության հետ կապված», - ասաց ՄԻ պաշտպանը:

Մարդկանց իրավունքների խախտման այս ֆոնին չի կարող խոսք գնալ սահմանանշման -սահմանազատման աշխատանքի մասին, շեշտում է Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ այդ գործընթացը կարող է սկսվել նվազագույնը ադրբեջանական զորքի հեռացմանը զուգահեռ։ Պաշտպանի գրասենյակը ամիսներ շարունակ խոսում է անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին՝ զինված մարդիկ պետք է հեռանան խաղաղ բնակիչների տեսադաշտից:

Թաթոյանը տեղեկացրեց՝ անվտանգության գոտու հայեցակարգը դեռ մշակման փուլում է։

XS
SM
MD
LG