Մատչելիության հղումներ

«Եթե սահմանների ճշգրտում լինի, Էս կարգի միջադեպեր քիչ կլինեն». Տեղ համայնքի ղեկավար


Ադրբեջանցիների դիրքերից մեկը Սյունիքի մարզում
Ադրբեջանցիների դիրքերից մեկը Սյունիքի մարզում

Հայաստանի զինված ուժերը գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարությունը այսօր էլ, երեկ էլ հերքում ու ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, թե Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը երեկ Տավուշի, նախորդ օրը Գեղարքունիքի սահմանային հատվածում։

Պաշտոնական Բաքուն այսօր, ի դեպ, ազդարարել է «Մուսթաֆա Քեմալ-աթաթուրք» ադրբեջանա-թուրքական եռօրյա զորավարժությունների մեկնարկի մասին։
Իսկ Հայաստանի սահմանային գյուղերում արդեն խոտը հնձում են բանակային կորպուսի անձնակազմի ու համայնքապետի հսկողությամբ։ Սյունքիի մարզի Տեղ համայնքի բնակիչը գնացել է սեփական տարածքում սեփական խոտը հավաքելու ու հեռացել ադրբեջանցիների սպառնալիքների ներքո։

«Մի օր առաջ ուզեցել են խոտը հավաքեն, էնտեղ ինչ-որ միջադեպ ա եղել։ Հակառակորդը իրա տարածքից գոռգոռոցը գցել ա, ասել ա՝ մի հավաքեք, դա մեր տարածքն ա... Դե, երևի ուզեցել են սադրեն, փորձել են սադրեն։ Չգիտեմ, չեմ կարա ասեմ։ Ես դիմել եմ բանակային կորպուսի հրամանատարին, իրենք մարդիկ են տվել՝ սպաների հետ միասին, ես էլ իրանց հետ միասին այցելել ենք էդ նշված տեղ։ Մենք կանգնել ենք մեր սահմանի վրա, մեր ժողովուրդը խոտը հավաքել են, տարել», - «Ազատությանը» փոխանցեց Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
Խոտհարքի գործը կազմակերպելու համար մոբիլիզացվել են նաև հարևան Արավուսի կամավորներն ու համայքնապետ Արգամ Հովսեփյանը. - «Գնացել ենք հասել ընդեղ մեր ընկերների հետ՝ իմ ջոկատի տղաների հետ, բրիգադի հրամանատարը եկավ... Կանգնել էինք մինչև էդ խոտը հավաքել են, հանել են։ Էլի գոռգոռում էին, բայց վախեցան իջնեն»։
Հովսեփյանը շեշտում է, կրակոց չի հնչել, բայց փորձում էին ագրեսիվ կերպով խանգարել գյուղաշխատանքները։

Բերքահավաքի այս փուլում միջադեպերը սահմանային դարձած գյուղերում անպակաս են։ Օրեր առաջ երկու տրակտորիստները խոտհունձի ժամանակ մի կերպ են փրկվել գերության վտանգից. սպառնացել են իրենց մոտ եղած նռնակով, ժամանակ շահել մինչև մոտեցել են հայ դիրքապահները։

Ներսես Շադունցը շեշտում է, որ սահմանանշման աշխատանքները օր առաջ պետք է սկսվեն. - «Եթե սահմանների ճշգրտում լինի, ինձ թվում ա, շատ քիչ կլինի արդեն։ Էս կարգի միջադեպեր քիչ կլինեն»։

Հայ-ադրբեջանական նոր սահմանագիծը ոչ մի բաժանարար գիծ չունի, խոտհնձիչ մեքանան կարող է շրջադարձի ժամանակ էլ սանտիմետրերով մտնել Ադրբեջան ու թեմա դառնալ, դառնանում է Արավուսի համայքնապետը։ Նա հաջողություն է համարում, որ արավուսցիները կարողացան խոտը հավաքել առանց փորձանքի. - «Մենք լրիվ մեր խոտը վերջացրել ենք, էլի իրանք եկել են մի քսան հոգով, զենքերով, բանով... իրանցը ստացել են, հետ են շպրտվել, հլա մի հատ քացի ստացել»։
Բայց, ասաց, գարին դեռ չեն հավաքել։ Արավուսը նաև 64 հեկտար տարածք ունի և այդտեղ ցորեն ու գարի, որ այս պահին Ադրբեջանի հսկողության տակ է։

«Ե՞րբ է ի վերջո սահմանը հստակեցվելու», - իր իսկ հարցից հոգնել է գյուղապետ Հովսեփյանը։

Սյունիքի սահմանին գրանցված արդեն հերթական այս միջադեպին անդրադարձել է նաև Հայաստանի օմբուդսմենը։ Թաթոյանը մեկ անգամ էլ շեշտել է, որ հայ բնակչությանը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից պաշտպանելու համար անվտանգության գոտի պիտի ձևավորվի. - «Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ և այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ»:

Ադրբեջանցիներն այժմ ոչ միայն խորացել, այլև հիմնավոր ամրացել ու դիրքավորվել են Վարդենիսի մի շարք համայնքների վարչական տարածքներում։ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասում է՝ գյուղացիները խոտհունձ դեռ չեն սկսել. - «Հեսա որ մոտիկ տարածքում խոտհարքները սկսեց, չենք կարա իմանանք ինչ կլինի։ Կամ պետք ա հեռու մնանք, կամ լուրջ վտանգներ կարա առաջանա։ Դե եթե հենց իրանց դիրքերի մոտ գնանք խոտ հավաքելու, պարզ ա, որ էդքան էլ անվտանգ չի լինի»։

Ըստ համայնքապետի, Վարդենիսի տարածաշրջանում խոտհնձի ժամանակը կգա 10-15 օրից։ Հույս ունի, որ խոտ հավաքելու գործը կավարտվի խոտ հավաքելով։

XS
SM
MD
LG