Մատչելիության հղումներ

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ակնարկել է լուծման սպասող «զգայուն հարցերի» մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 7-ը հուլիսի, 2021թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 7-ը հուլիսի, 2021թ.

Երեկ երեկոյան Կրեմլում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ընդունելիս Ռուսաստանի նախագահն ակնարկել է, թե կան զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, և դրանք լուծելու համար պետք է ունենալ ժողովրդի աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանն ունի:

«Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի համար, նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, շատ սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել, միայն եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորություն: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է». - նման ձևով Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Ռուսաստանյան "Коммерсантъ"-ը, անդրադառնալով երեկվա հանդիպմանը և Պուտինի այս խոսքերին, այսօր «Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից լեգիտիմություն է տանում» վերնագրով հոդված է հրապարակել:

«Այս խոսքերը հնչել են որպես Մոսկվայի կողմից հայաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ճանաչում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի հեճուկս բազմաթիվ հարցումների արդյունքների՝ հավաքել է շուրջ 54 տոկոս ձայն», - գրել է "Коммерсантъ"-ը՝ հավելելով. - «Ու թեև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու Վլադիմիր Պուտինին կապում են վաղեմի բարեկամական հարաբերություններ, հիմա դա, ըստ ամենայնի, նշանակություն չի ունենա»:

"Коммерсантъ"-ի հեղինակները նշում են, որ Մոսկվան ընդունել է Հայաստանի ընտրությունների արդյունքները և շարունակելու է աշխատել Փաշինյանի հետ՝ եռակողմ համաձայնագրերի շրջանակներում:

Պուտինը, երեկ շնորհավորելով Փաշինյանին, ընդգծել է, թե Հայաստանի ժողովրդի վստահությունը թույլ կտա երկրի ղեկավարին լուծել բարդ, շատ սուր և զգայուն հարցեր: Իսկ թե հատկապես ինչ բարդ, շատ սուր և զգայուն հարցերի մասին է խոսքը, Պուտինը երեկ հրապարակավ չի մանրամասնել: Հասկանալի է, որ այդ զգայուն հարցերը Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են լրագրողների աչքերից հեռու:

Սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր արտերկիր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի մոսկովյան օրակարգում միայն հանդիպումն էր Ռուսաստանի նախագահի հետ, որի ժամանակ նա բարձրաձայնել է հայկական կողմի համար հրատապ մի շարք հարցեր, մասնավորապես՝ սահմանային բարդ իրավիճակը, գերիների վերադարձի հարցը:

Ի դեպ, օրերս 15 հայ գերիների վերադարձի համար, որի դիմաց, հիշեցնենք, հայկական կողմը Ադրբեջանին էր հանձնել ականապատված տարածքներից ևս երկուսի քարտեզները, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին:

Ռուսաստանի նախագահին Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն է հայտնել երեկ նաև հրադադարի ու խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:

«Իհարկե, բոլորը գիտեն 44-օրյա պատերազմում հրադադարի հասնելու գործում Ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության ջանքերի մասին: Պետք է ասեմ, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, սակայն ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս անկայունության, անհանգստության ինչ-որ օջախներ», - հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ղեկավարը՝ հավելելով. - «Նաև ոչ կայուն իրավիճակ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, դրա հետ կապված մենք ոչ մեկ անգամ ենք խոսել, և ցանկանում եմ նշել, որ այստեղ նույնպես մենք, ցավոք, վերջին երկու ամիսների ընթացքում ունենք մշտական անհանգստության օջախ: Հույս ունենք, որ այս հարցով մեզ կհաջողվի «ճշգրտել ժամերը»:

Դե, իսկ հաջողվել է արդյոք «ճշգրտել ժամերը», հայտնի չէ: Փակ դռների հետևում հանդիպումից այլ մանրամասներ չկան:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Բաքուն և Անկարան սկսեցին խոսել եռակողմ համաձայնագրերի դրույթների իրագործումն արագացնելու անհրաժեշտության մասին: Խոսքն առաջին հերթին տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակման մասին է:

Հիշեցնենք՝ արդեն հունիսի 24-ին Ռուսաստանի նախագահն այս թեմայով հեռախոսազրույցներ էր ունեցել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի ղեկավարների հետ:

XS
SM
MD
LG