Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ սահմանադիրը պետք է ընտրի անորոշությունը որոշակիության դիմաց», - հարցնում է Վահե Գրիգորյանը


ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանում 5-րդ օրն է` շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման գործով դատաքննությունը:

Այսօր դիմողներին իր հարցերն ուղղեց դատավոր Վահե Գրիգորյանն ու անդրադարձավ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների դիմումներում ներառված այն հարցին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25 -ի հրաժարականից հետո շարունակեց մնալ պաշտոնակատար և իր ձեռքում եղած վարչական ռեսուրսը կիրառելու հնարավորություն ունեցավ։

«Ինչո՞ւ պիտի սահմանադիրը կամենար, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն գործադիր պաշտոնյան չկարողանար շարունակել պաշտոնավարել իր պաշտոնում, փոխարենը պաշտոնավարեր մի անձ, կոնկրետ այս դեպքում առաջարկությունները սահմանափակ կարող են լինել` որևէ փոխվարչապետ, որի ոչ ընտրության, ոչ նշանակման, ոչ պաշտոնավարման շարունակականության վրա նույն ժողովուրդը որևէ ազդեցություն չունի, և նույնիսկ ավելին` չունի նաև Ազգային ժողովը», - հետաքրքրվեց Գրիգորյանը:

«Պատիվ ունեմ»-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պատասխանը սկսեց` նախ դատավորի հարցը գնահատելով. «Լավ հարց էր, դուրս եկավ շատ հարցը, շատ գեղեցիկ ներկայացրեցիք:

Չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ: Հրաժարական տալու ինստիտուտը բառացի էլ նույնն է նշանակում` ես հրաժարվեցի այս պաշտոնից, իսկ ֆոկուսներով այդ պարագայում՝ հրաժարվեցի, բայց այդքան էլ չհրաժարվեցի, շարունակում եմ ԺՊ, դա բացարձակապես Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ»:

Վահե Գրիգորյանի արդեն երկրորդ հարցը Դավիթ Հարությունյանին դուր չեկավ. «Վարչապետ Փաշինյանը ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել, այսօր հուլիսի 13-ն է, հանրապետությունը դեռ չունի վարչապետի պաշտոնին հարիր, դեմոկրատական լեգիտիմությամբ օժտված որևէ այնպիսի նոր ընտրության արդյունքում նշանակված վարչապետ, որը որպես կանոն գործադիր իշխանության ղեկավարի դիրքին վայել է, պահանջում է այդ դիրքը դա:

Պատկերացրեք Սահմանադրական դատարանի որոշումը, որ խիստ տեսական չի, հնարավոր տարբերակներից մեկն է, որ ընդունվում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելը, ևս մի քանի ամիս շրջապտույտը կարող է տևել դրանից հետո, և այս ամենը բավական երկար կարող է շարունակվել: Այլ խոսքով` ինչո՞ւ սահմանադիրը պետք է ընտրի անորոշությունը որոշակիության դիմաց», - հարցրեց Գրիգորյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հարգարժա՛ն դատավոր, ինչքան ինձ դուր եկավ Ձեր առաջին հարցը, այդքան դուրս չի գալիս Ձեր երկրորդ հարցը, և Ձեզ ասեմ ինչու: Առաջին հարցը տալուց Դուք շատ ճիշտ արեցիք, որ հենց Սահմանադրական դատարանի դատավորի դիրքերից նայելով` ասացիք` չկապենք Փաշինյանի հետ, և իսկապես ես շատ ուրախացա, որ Դուք հարցին անդրադառնում եք Սահմանադրության տեսանկյունից, ոչ թե Փաշինյան վարչապետի տեսանկյունից:

Ցավոք սրտի, Ձեր երկրորդ հարցը ուղղակիորեն կապվում էր հենց Փաշինյանի հետ»:

Քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքեր. դիմումներում տեղ գտած այս ընտրախատման վերաբերյալ դատավոր Գրիգորյանը հարց ուղեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին։ Դատավորը հիշեցրեց 2016 թվականի օրենսդրական, իր բնորոշմամբ, հեղափոխական փոփոխությունները, որոնցով հասանելի էին դառնում ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները:

«Այս գործիքը որևէ կերպ, ինչքանով որ ներկայացված փաստական տվյալներից երևում է, չի օգտագործվել: Ի՞նչն է պատճառը` ռեսուրսի պակասությո՞ւնը, նպատակահարմարությո՞ւնը», - հարցրեց Վահե Գրիգորյանը:

«Իրավիճակն այնպիսին է, որ նման տեղեկություններ ստանալը կոնկրետավորված չափազանց բարդ խնդիր է: Դա ոչ թե օրենսդրության խնդիր է, բնավ ոչ, դա իրավիճակային խնդիրն է», - ասաց Վարդևանյանը: Վերջինս, հղում կատարելով 2015-ի Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգին և վերջնական նախագծի տեքստի հիմնավորմանը, դիմումում նշել էր նաև, որ ԱԺ-ում իշխող ուժի մանդատները պետք է սահմանափակվեն մինչև 3/5-ով։

Դատավոր Գրիգորյանը հարցեր ուներ նաև այս մասին. «Ինչի՞ պիտի 3/5-ը դիտարկվի որպես այն օպտիմալ չափը, որը պիտի լինի առավելագույնը, որ ժողովրդի ընտրությամբ ստացած որևէ քաղաքական ուժ զբաղեցնի հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում»:

Արամ Վարդևանյանը պարզաբանեց. «3/5-ը որևէ կերպ չի բածվում կառավարության բնականոն գործունեության հետ, Բա՛րձր դատարան, օրենքներ, օրենսգրքեր, ենթադրենք գերավճարների հետ կապված վերադարձի կառավարության որոշումներ նախընտրական քարոզարշավի շրջանում: Դրանք բոլորը կարող են իրականացնել, բայց Ընտրական օրենսգիրք, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք, Դատական օրենսգիրք, ԲԴԽ անդամներ, բոլոր այն մարմինները, որոնք պետք է ունենան անկախության բարձր աստիճան, Ազգային ժողովի մեկ ուժի կամքից կախված չլինեն»:

Երկար ընդմիջումից հետո Սահմանադրական դատարանը քաղաքական ուժերի որոշ միջնորդություններ մերժեց, որոշների քննարկումն էլ հետաձգեց։ Ապա ՍԴ-ն որոշեց այս փուլում քննարկվելիք հարցը դռնփակ ռեժիմով անցկացնել։ Բարձր դատարանը չպարզաբանեց, թե որ հարցն են դռնփակ քննարկում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել են խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։ Բարձր դատարանը դատաքննությունը պետք է ավարտի այս ուրբաթ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG