Մատչելիության հղումներ

ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը


Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը:

ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն:

Արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների շարունակվող քննության ընթացքում երեկ Սահմանադրական դատարանը արդեն երկու անգամ մերժեց որպես վկա հրավիրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները:

Դատական նիստը մեկնարկել է հուլիսի 9-ին: Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիրն» արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:

XS
SM
MD
LG