Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանը միջնորդեց Հայաստանի նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ


Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր սկսեց հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

Ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում է չորս քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները:

Նիստին սկզբում «Զարթոնք»-ից Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Գրիգորյանի` նիստին մասնակցելու անհնարինության վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք լուծել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի սույն գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը», - նշեց Զոհրաբյանը:

Դիմումները ներկայացնելու փուլում նման միջնորդություն էր ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը: Արամ Վարդևանյանը նիստերի դահլիճում պնդեց իրենց այս միջնորդությունը. «Մենք գտնում ենք, որ բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք «Հայաստան» դաշինքի առաջնորդների նկատմամբ, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 10 համարներից երեքի նկատմամբ, այդ թվում՝ ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Նշված հանգամանքը պայմանավորված է ի թիվս այլ հարցերով, որը ներկայացրել ենք միջնորդության մեջ, որ Վահե Գրիգորյանի կողմից կարելի է ասել ամեն կերպ պաշտպանվում էր 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը Քրեական օրենսգրքի»:

Դատավորներից առաջինը Հրայր Թովմասյանը խոսեց այն մասին, որ միջնորդությունն այս փուլում Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի կարող դառնալ. «Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն այս հարցը քննվում է գործը վարույթ ընդունելու որոշման շրջանակներում, այդ փուլը մենք արդեն անցել ենք»:

Աշխատակարգային նիստում, նկատենք, դատավոր Արևիկ Պետրոսյանն էր այս միջնորդությունը ներկայացրել, և այն դատարանը մերժել էր որակյալ մեծամասնությամբ:

Հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև Վահե Գրիգորյանը՝ ակնարկելով՝ եթե այս սկզբունքով առաջնորդվեն, այլ ինքնաբացարկների անհրաժեշտություն էլ կառաջանա: Ակնարկը, ամենայն հավանականությանբ, վերաբերվում էր Հրայր Թովմասյանին, ում աշխատակարգային նիստում բացարկ էր ներկայացրել Վահե Գրիգորյանը: Թովմասյանը ժամանակին Հանրապետական կուսակցության անդամ էր, նաև խմբակցության պատգամավոր, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, որի մաս է կազմում նաև Հանրապետականը:

«Դատարանի որոշելիքն է այս հարցը քննարկել, թե ոչ, ես ամբողջությամբ պատրաստ եմ իմ բացատրությունները ներկայացնել դրա վերաբերյալ, եթե դատարանը կորոշի, որ այս փուլում կարող է նման հարց քննարկել: Բնականաբար, դրան հետևելու են նաև նույնաբովանդակ այլ հարցերի բարձրացում, այդ թվում նաև իմ կողմից: Ընդամենը մի նկատառում, պարոն Զոհրաբյան, քանի որ հանրությունը նույնպես պետք է տեղյակ լինի այս ամենից, և ես չեմ ցանկանում թաքնվել ձևական և ոչ էլ դատարանը կարող է թաքնվել ձևական պահանջների հետևում և բովանդակային կարևորություն ունեցող հարցերը թողնել անպատասխան, Ձեր բարձրացրած հարցն ամբողջ ծավալով բազմապատիկ ավելի խորությամբ քննարկվել է աշխատակարգային նիստի ընթացքում: Խորհուրդ կտամ ծանոթանալ աշխատակարգային նիստի արձանագրությանը», - ասաց Գրիգորյանը:

Կես ժամից ավելի քննարկված միջնորդությունը դատարանն ի վերջո որոշեց չդնել քննարկման: Այնուհետև դատարանը մոտ կես ժամ քննարկեց, թե ինչպես հետազոտեն գործի նյութերը, ով, երբ, ինչքան խոսի: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո միջնորդություն ներկայացրեց դատավոր Հրայր Թովմասյանը: Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին որպես վկա առաջարկեց հրավիրել Հայաստանի նախագահին։

«Ես ուզում եմ հանրապետության նախագահից լսել դատարանում, որ իր վրա որևէ ճնշում չի եղել, իր վրա որևէ հարկադրանք չի եղել և ինքը միանձնյա որոշել է, խորհրդակցել է, նպատակահարմար է գտել այդ օրը, որպեսզի այդ հարցն ընդհանրապես դուրս գա: Հակառակ դեպքում Սահմանադրական դատարանը պետք է ինչ-որ կերպ անդրադառնա այդ հարցին», - ասաց Թովմասյանը:

Երկար քննարկումներից հետո դատարանը որոշեց 18։00-ին հեռանալ խորհրդակցական սենյակ և այնտեղ քննարկել միջնորդությունները։

Բուն բողոքի քննությունը սկսվեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ելույթով։ Վերջինս խոսեց ընտրություններում վարչական ռեսուրսի չարաշահման և մի շարք այլ խնդիրների մասին. «Մեկ այլ հանգամանք, որը կարելի է ասել այս ընտրական գործընթացի ամենաանհանգստացնող հարցերից մեկն էր: Դա վերաբերում է նույն անձի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու և միաժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած արտահայտություններին»:

Վարդևանյանի ելույթն ընդհատվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով, բարձր դատարանը նիստը կշարունակի վաղվա նիստին, որը կմեկնարկի 10:00-ին։

XS
SM
MD
LG