Մատչելիության հղումներ

Մուկուչյանի խոսքով` ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներն էլ կատարել է


Սահմանադրական դատարանը 4-րդ օրն է` քննում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը։ Այսօր նիստը մեկնարկեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված հարցերով։

Ինչ-որ մի փուլում Մուկուչյանը սկսեց հարցերին խիստ համառոտ պատասխանել` նկատելով, որ նույնանման հարցերին երեկ արդեն պատասխանել է։ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին հիշեցրեց նախընտրական շրջանում հանձնաժողովի կայացրած որոշումները քաղաքական ուժերի կողմից խախտումների վերաբերյալ և հարցրեց. «Նպատակը ո՞րն է եղել, եթե մեկ է` ոչ մի էական ազդեցություն չունի, առավել ևս ընտրությունների անվավերության ճանաչման նորմն էլ ձեր կողմից գնահատվել է որպես քաղաքական զենք»:

Մուկուչյան. - Հարցը չհասկացա:

Գալստյան. - Ասում եմ` ինչո՞ւ եք կատարել այս գործողությունները` 5+2-ի հետ կապված:

Մուկուչյան. - Ընտրական օրենսգրքի պահանջները իրականացնելու համար:

Գալստյան. - Նորից կրկնեմ հարցս` ինչո՞ւ է Ընտրական օրենսգրքի մեկ պահանջը կատարվում, մյուսը` ոչ:

Մուկուչյան. - Բոլոր պահանջներն էլ կատարվել են:

Գալստյան. - Ինչպես նաև քվեաթերթիկների հետ կապված, նաև ծանուցման հետ կապված…

Մուկուչյան. - Պարզաբանեցի, եթե անընդհատ պետք է այդ հարցը տաք, մեկ է` պատասխանը դրանից չի փոխվում:

Ապա Մուկուչյանին հարցեր ուղղեցին Սահմանադրական դատարանի դատավորները։ Երվանդ Խունդկարյանին էլ դուր չէր եկել այն, որ ԿԸՀ նախագահն իր խոսքում, ըստ Խունդկարյանի, գնահատական էր տվել Վարչական դատարանի կայացրած վճիռներին` ասելով, որ դրանք հակասում են միմյանց։ Ապա ինքը` Խունդկարյանը գնահատեց` Վարչական դատարանի այդ վճիռները միմյանց չեն հակասում: Խոսքը վերաբերում է թեկնածուների վերջին չորս տարում Հայաստանում բնակվելու պահանջին վերաբերող հարցերի քննությանը:

«Ես գնահատական չեմ տվել` դրանցից որն է այսպես, որը` այնպես», - վստահեցրեց Մուկուչյանը: Խունդկարյանը պնդեց. «Չեմ կարծում, թե իմ տպավորությունը սխալ էր, որովհետև ես չէի խոսի սրա մասին, եթե հանրության մոտ այլ տպավորություն չառաջանար, քանի որ Դուք ներկայացրել եք, ես ստիպված եմ դրան արձագանքել և ուղղակիորեն հայտարարել, որ այդ երկու գործերի միջև որևէ հակասություն գոյություն չունի»:

Խունդկարյանը Մուկուչյանի խոսքի հետ կապված այլ վերապահումներ էլ ուներ. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բավարար չափով «քարոզչություն» արտահայտության վերաբերյալ պատճառաբանված չլինելու մասով»:

«Այն մասով, ինչ մասով որ դա … ախր հիմա եթե ասեմ, պետք է ասեք` էլի դատական ակտ եմ գնահատում, այն մասով, ինչ մասով Ընտրական օրենսգրքում եղել է կանոնակարգված, մեր կարծիքով` լիարժեք պատասխան է տրվել դրան», - շեշտեց Մուկուչյանը:

Հարակից պատասխանող, Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանն անդրադարձավ բոլոր դիմումներում շեշտադրված հանգամանքին, որ քարոզչության ընթացքում բռնության կոչեր են հնչել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դիմումներով, մասնավորապես, խոսվում է մուրճի մասին, որը ձեռքին պահած` Փաշինյանը շրջեց մարզից մարզ ու քարոզչություն իրականացրեց:

«Քննարկման առարկա դարձրած բոլոր կոչերն արվել են ընտրություններին մասնակցող, մասնակցած քաղաքական ուժերի ղեկավարների կողմից: Սա մի կարևոր հանգամանք: Երկրորդ կարևոր հանգամանքը` հայտարարությունների համատեքստը, այս առումով Բա՛րձր դատարան, ես կուզենայի շեշտադրել այն հանգամանքը, որին դիմումատուները չեն անդրադառնում, միգուցե դիտավորյալ չեն անդրադառնում, բայց քննարկման առարկա դարձված բոլոր այդ հայտարարություններում, որոնք հնչեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում, կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է, և այս ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ: Այս պայմաններում, Բա՛րձր դատարան, կարծում եմ` ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում, միգուցե կարող է վերաբերել հարկադրանքին, բայց վերադառնամ իմ նախորդ մտքին` ցանկացած հարկադրանք բռնություն չէ», - ասաց Դատախազության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG