Մատչելիության հղումներ

Ազգայնականների կողմից ծեծի ենթարկված լրագրողի մահը քաղաքական փոթորիկ է հարուցել Վրաստանում


Վրաստան - Ծեծի ենթարկված լրագրող Ալեքսանդր Լաշկարավան, Թբիլիսի, 8-ը հուլիսի, 2021թ․
Վրաստան - Ծեծի ենթարկված լրագրող Ալեքսանդր Լաշկարավան, Թբիլիսի, 8-ը հուլիսի, 2021թ․

Քաղաքական փոթորիկ՝ այսպես կարելի է բնութագրել այն, ինչ սկսվեց Վրաստանի մայրաքաղաքում կիրակի օրը, երբ հայտնի դարձավ հուլիսի 5-ին ազգայնականների կողմից դաժան ծեծի ենթարկված լրագրողներից մեկի՝ «Պիրվելի» հեռուստաընկերության աշխատակից, օպերատոր Ալեքսանդր (Լեքսո) Լաշկարավայի մահվան մասին։

Լաշկարավան ծեծի էր ենթարկվել փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված Tbilisi Pride շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած և Վրաց ուղղափառ եկեղեցու աջակցությունը վայելող բողոքի ակցիայի ժամանակ։ Միջադեպից անմիջապես հետո Լաշկարավան կոտրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և վիրահատվել էր։ Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակում էր տնային պայմաններում։ Կիրակի առավոտյան, սակայն, Լաշկարավայի մայրը որդու դին հայտնաբերել էր նրա՝ Թբիլիսիում գտնվող բնակարանում։

Առաջիններից մեկը լրագրողի մահվանն արձագանքեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խոստանալով, որ ներքին գործերի նախարարությունն արագացված կարգով կհետաքննի նրա մահվան պատճառները։

Վարչապետի այս հայտարարությունից քիչ անց Լաշկարավայի հարազատներին այցելեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Սա մեծ ողբերգություն է մեր երկրի, անձամբ ինձ համար, էլ չասած Լաշկարավայի ընտանիքի մասին։ Դեպքի բոլոր հանգամանքները պետք է մանրակրկիտ կերպով հետաքննվեն, և բոլոր մեղավորները պետք է պատժվեն», - հայտարարում էր Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրացական ընդդիմությունը, մինչդեռ, համոզված է՝ եթե հուլիսի 5-ին երկրի իշխանությունները, նախևառաջ ոստիկանությունը, հստակ քայլեր ձեռնարկեին՝ թույլ չտալով, որպեսզի ազգայնականները բռնություն գործադրեն լրագրողների նկատմամբ, ապա Լեքսո Լաշկարավան այսօր էլ ողջ կլիներ։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի համոզմամբ էլ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, Վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների մի զգալի մասը և փողոցներում բռնություն գործադրող ազգայնականները իրականում ուղղորդվում են մի տեղից՝ Մոսկվայից։

«Վրաստանը փորձադաշտ է դարձել ռուսական հիբրիդային օպերացիաների համար։ Վրաստանը կամ վերջնականապես ուշքի կգա և կսկսի պայքարել, կամ էլ պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Այն, ինչ տեղի ունեցավ Լեքսոյի հետ, վաղը կարող է տեղի ունենալ ձեզնից յուրաքանչյուրի հետ», - ֆեյսբուքյան իր ուղերձում նշում էր Սաակաշվիլին։

Մյուս ընդդիմադիրները ևս վստահ են՝ Լաշկարավայի մահը իշխանությունների խղճին է։ Դա էր պատճառը, որ ընդդիմադիր գործիչ Ելենա Խոշթարիան կիրակի կեսօրին ի նշան բողոքի կարմիր ներկ լցրեց վարչապետի նստավայրի դռներին։ «Լաշկարավան ծեծի էր ենթարկվել կառավարության հովանավորությունը վայելող ծայրահեղ աջ խմբավորումների անդամների կողմից», - համոզված է Խոշթարիան։

XS
SM
MD
LG