Մատչելիության հղումներ

Ռազմագերիների հարցի սակարկությունը չի բխում միջազգային իրավական պարտավորություններից, շեշտում է մասնագետը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Անցած շաբաթ օրը ռուսական կողմի միջնորդությամբ հայ ռազմագերիների15 հոգանոց խմբի վերադարձից առաջ հայկական կողմը Բաքվին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։

Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձից հետո Էրեբունի օդանավակայանում լրագրողներին ասել էր, թե քարտեզներն անձամբ ինքն է փոխանցել. «Շարունակելով եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու շուրջ աշխատանքը՝ անձամբ իմ կողմից ադրբեջանական կողմին փոխանցվել են երկու շրջանների ականապատ տարածքների քարտեզները, որոնք կազմել էին հայկական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության ընթացքում: Իր հերթին Ադրբեջանն ազատ է արձակել 15 հայ ռազմագերիներին, որոնք տեղափոխվել են Երևան Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»։

«Պետք է հասկանալ, որ ռազմագերիների հարցը որևէ կերպ չի կարելի դարձնել քաղաքական սակարկությունների առարկա, պիտի ի սկզբանե սա լինի ելակետը», - ասում է միջազգային իրավունքի մասնագետ Գրիգոր Չոբանյանը:

Մոտ մեկ ամիս առաջ էլ կրկին քարտեզների դիմաց հայրենիք էր վերադարձվել ևս 15 ռազմագերի։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ասել էր՝ քարտեզները գերիների փոխանակության համար չեն տվել, այլ Բաքվի կառուցողական քայլի դիմաց Երևանն էլ է կառուցողական քայլ արել։ Նաև նշել էր, որ դրանից առաջ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ էր քարտեզներ ուղարկել Բաքու։

Փաշինյանը հավելել էր՝ պատրաստ են նրանց թիկունքում գտնվող բոլոր ականադաշտերի քարտեզները տալ։

Միջազգային իրավունքի մասնագետ, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Գրիգոր Չոբանյանը վկայակոչում է Ժնևյան կոնվենցիաները, որոնցով պատերազմի ավարտից հետո գերիները պետք է փոխանակվեն առանց որևէ նախապայմանի։ Բացի այդ, հրադադարի եռակողմ հայտարարության մեջ գերիների փոխանակման որևէ պայման նշված չէ։

«Ադրբեջանն իր միջազգային իրավական պարտավորությունների համաձայն պարտավոր է ռազմագերիներին վերադարձնել, ռազմական գործողությունների դադարից հետո հայրենադարձել բոլոր ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց: Քարտեզների հետ փոխանակում և այլն, որևէ կերպ ռազմագերիների հարցի սակարկությունը չի կարող բխել միջազգային իրավական պարտավորություններից», - ասում է միջազգային իրավունքի մասնագետը:

Մոտ մեկ ամիս առաջ Շուշի այցելած Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներն ու Էրդողանի տիկինը խոսել էին քարտեզների դիմաց գերիներին մաս-մաս հանձնելու մասին։ Փաստացի այդպես էլ ստացվեց, նկատում է Գրիգոր Չոբանյանը. «Կարող ենք ասել, որ դե ֆակտո իրողությունն այդպիսին է, սակայն դա չի բխում դե յուրե միջազգային իրավական պարտավորություններից: Դա միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում է, անգամ կողմերի միջև համաձայնությամբ որևէ պայմանների շուրջ համաձայնության առկայության դեպքում մենք պիտի հասկանանք, որ կա միջազգային իրավական պարտավորություն, որի համաձայն առանց որևէ պայմանների պիտի կազմվի հայրենադարձման պլան, և ռազմական գործողությունների դադարից պիտի իրականացվի հայրենադարձություն, և դա որևէ պայմանով պայմանավորելը խախտում է այդ պայմանը: Ուրիշ բան, որ արդեն կան քաղաքական պայմանավորվածություններ, որոնք որևէ աղերս չունեն միջազգային իրավական պարտավորությունների հետ»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` օրերս հայրենիք վերադարձած 15 ռազմագերիները Բաքվի դատարանի որոշմամբ դատապարտվել էին 6-ամսյա ազատազրկման սահմանն ապօրինի հատելու համար։ Բաքուն, սակայն, չի վերադարձրել նույն խմբում մեղադրվող, բայց 4-ական տարվա ազատազրկման դատապարտված Հրաչ Ավագյանին ու Գեղամ Սերոբյանին։

Մինչ այս Ադրբեջանն ինչպես նրանց, այնպես էլ պատերազմի ավարտը ազդարարող եռակողմ հայտարարությունից հետո այդ պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդից գերեվարված ևս 38 պահեստազորայիններին մեղադրում է ոչ միայն սահմանն անցնելու, այլև պատերազմական ծանր հանցագործությունների համար։

Գրիգոր Չոբանյանը հիշեցնում է Ադրբեջանի պնդումները, թե նրանք ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, հետևաբար և միջազգային մարդասիրական իրավունքը նրանց վրա չի կարող տարածվել. «Ահաբեկչության մասով շեշտադրումները, որ Ադրբեջանը փորձում է սեփական, օրինակ, ահաբեկչական գործողությունները դե յուրե հիմնավորել, որ հայկական կողմում էլ կան «ահաբեկիչներ»: Եվ բացի սրանից, այս քրեական գործերն, ամբողջ դատավարության ընթացքը, այն հանգամանքը, որ օրինակ, պաշտոնական Բաքուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տեղեկատվությունը չի տրամադրում քրեական գործերի վերաբերյալ, վկայում է այն մասին, որ խոսք անգամ չի կարող լինել ո՛չ արդար դատաքննության մասին, ո՛չ հիմնավորված քրեական գործեր ունենալու մասին, և ես լիահույս եմ, որ ՄԻԵԴ-ը, հետագայում քննելով գործերը, կհաստատի այս քրեական գործերի անօրինակությունն ու շինծու լինելու հանգամանքը»:

Այսօր էլ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Խծաբերդից գերեվարված պահեստազորայինների ևս մեկ խմբի՝ 13 հոգու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են հայ ռազմագերիների ցուցմունքները։ Նրանք պատմել են, որ սահմանն անցել են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Պահեստազորայինները պնդել են, թե «իրենց տեղափոխել են Լաչին առանց այդ մասին հայտնելու, գիտեին, որ նոյեմբերի հայտարարությամբ Լաչինը պետք է փոխանցվի Ադրբեջանին»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG