Մատչելիության հղումներ

Հայ ռազմագերիների նկատմամբ դատավարությունները «բացարձակ ապօրինություն է Ադրբեջան պետության կողմից». Ռուստամ Բադասյան


Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Հայ ռազմագերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու հարցով բանակցությունները շարունակվում են, այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Հենց նրա գրասենյակն է զբաղվում գերիների հարցով։

Վերջին անգամ հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ Երևանը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։

Հարցին, թե արդյոք գերիների փոխանակումը կշարունակվի նույն սկզբունքով, Ավինյանը պատասխանեց. – «Գործընթացը շարունակական է։ Ինչպես տեսել ենք, պրոցես կար, կա և շարունակելու է լինել. Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց համոզված եմ, որ էդ առումով նույնպես մենք ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»։

Պատերազմից հետ Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ մի կին։ Հայրենիք վերադարձածներից 4-ը բոլորովին վերջերս՝ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանագծին գերեվարված 6 զինծառայողներից են:

Թե քանի գերի կա հիմա Ադրբեջանում, հայտնի չէ։ Պատերազմի ավարտից հետո Արցախի Հին Թաղերի ու Խծաբերդի մարտական դիրքերից գերեվարված պահեստազորայիններից 40-ին Բաքուն մեղադրանք է ներկայացրել՝ ահաբեկչության, սահմանը ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների համար։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, անդրարադառնալով հայ ռազմագերիների դատավարություններին, դրանք անօրինական համարեց. – «Բնականաբար ամբողջությամբ ապօրինի, որևէ իրավական կարգավորման տակ չգնացող պրոցես է: Միջազգային հանրությունը արդեն բոլոր հնարավոր մակարդակներով արձանագրել է, որ գործ ունենք ռազմագերիների հետ, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել ռազմագերիների վերադարձը հայրենիք։ Եվ կարծում եմ, այդ գործողությունները միայն վնաս են Ադրբեջանին։ Իհարկե, ցավոք սրտի, մենք անընդհատ ձգձգում ենք ունենում գերիների վերադարձի ժամկետների, բայց, նորից եմ կրկնում, դա բացարձակ ապօրինություն է Ադրբեջան պետության կողմից, և բնականաբար, դա ևս իր արձագանքը ստանալու է»։

Երեկ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ ռուս սահմանապահների տեղակայման ու սահմանից Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ քաշման շուրջ հայկական կողմը բանակցում է Ռուսաստանի հետ։

Տիգրան Ավինյանն այսօր պարզաբանեց, թե որ դեպքում է հնարավոր ռուս սահմանապահների տեղակայումը. – «Այդ բանակցությունները էս պահին էլ ընթանում են։ Մենք մոտակայում ևս մի փուլ ունենք բանակցությունների։ Ես համոզված եմ, որ այդ առումով էլ մեր դիրքերում մենք ետքայլի տեղ չունենք, և միանշանակ է, որ ադրբեջանական զորամիավորումները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։ Եվ մենք որևէ ջանք ու եռանդ չենք խնայելու դա ապահովելու համար։ Ռուսական կողմից հետ, այո, կա նման քննարկում, բայց սահմանապահների տեղակայումը կարող է իրականանալ այն պահին, երբ ադրբեջանական զորքերը ամբողջությամբ կլքեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հայկական կողմից հնչող այս հայտարարությունները, իսկ այդ երկրի սահմանապահ ծառայությունը «Ազատության» ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ որևէ տեղեկություն չունեն ռուս սահմանապահների տեղակայման մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG