Մատչելիության հղումներ

Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի՝ քարոզարշավի ամբողջ ընթացքում իշխող ուժը «գեներացրել է ատելություն ու պառակտում»


Ըստ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանի՝ քարոզարշավի ամբողջ ընթացքում հատկապես իշխող ուժը գեներացրել է ատելություն ու պառակտում։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Գրիգորյանը խոսեց նաև ընտրախախտումներից՝ նշելով՝ դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ արձանագրելով բոլոր խախտումները, իսկ առաջիկայում, է՛լ ավելի համապարփակ ձևով, կդիմեն Սահմանադրական դատարան։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

Աննա Գրիգորյան․ - Սյունիքում միայն հնչեցվել են այնպիսի մտքեր, մասնավորապես, այն համայնքապետերն, ովքեր դուրս էին եկել մեծ հաշվով իշխանության դեմ, ասել է, որ «պետք է բանտախցերում հայտնվեն, ասֆալտին ծեփվեն» և այլն, երբեմն ոչ եթերային արտահայտություններ, որոնք, ներեցեք, ես այս պահին չեմ կարող ինձ թույլ տալ կրկնել։

«Ազատություն»․ - Էդպես էլ չտեսանք մեկին ասֆալտին փռի էդ մարդը, տեսե՞լ եք Դուք, էսքան տարի ասում է։

Աննա Գրիգորյան․ - Նույնիսկ այլաբանորեն պատկերացնել այդ ամենը պետք չէ, բայց ասածս այն է, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում եղել է ատելության գեներացիա, պառակտում և հատկապես իշխանությունների կողմից։

«Ազատություն»․ - Նաև ընդդիմության կողմից, ոչ միայն դուք, այլ նաև «Պատիվ ունեմ»-ը և մյուսները։

Աննա Գրիգորյան․ - Ես միայն իմ քաղաքական ուժի արտահայտությունների համար եմ պատասխանատու։

«Ազատություն»․ - Այս խախտումների մասին բոլորն են ասում ընդդիմության դաշտում, բայց տեղական և միջազգային դիտորդները միանշանակ ասում են, որ «շատ լավ կամակերպված ընտրություններ են եղել» և այն դեպքերը, որոնք իրենք էլ են արձանագրել, օրինակ, շուրջ 340 միջազգային դիտորդ հնարավորություն է ունեցել ողջ տարածքով մեկ գնալ և տեղամասերում աշխատել, և իրենք ասում են, որ համենայն դեպս զանգվածային ընտրախախտումների մասին ոչ մի տեղեկություն չեն ստացել։ Իրենք ասում են՝ «այն, ինչ-որ արձանագրվել է, ամենևին չի կարող անդրադառնալ վերջնական արդյունքների վրա»։

Աննա Գրիգորյան․ - Տեսեք, մենք նաև անկախ դիտորդներից ենք ստանում բազմաթիվ տվյալներ, որոնք հետագայում ներառվելու են նաև մեր Սահմանադրական դատարան դիմելու բողոքի մեջ, և թույլ տվեք ասել, որ ամբողջությամբ չեմ կիսում այն կարծիքը, որ էականորեն չեն փոխվելու ընտրության արդյունքները։ Ես կարծում եմ՝ փոփոխություններ կլինեն, թե ինչ ծավալի և ինչ մասշտաբի, մենք կհասկանանք առաջիկայում, բայց երբ մենք խոսում ենք ընտրակեղծարարության մասին, պետք է հասկանալ, որ ոչ միայն ընտրության օրը տեղի ունեցածը պետք է հաշվի առնել, այլ այդ ամբողջ համատեքստը։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի շտաբի անդամներին տարբեր առիթներով բերման էին ենթարկում ոստիկանություն և որոշ ժամանակ պահելուց հետո նորից բաց էին թողնում՝ անհիմն, որևէ օրինական հիմք չունենալով, և դա փաստում է առնվազն այն հանգամանքը, որ, որպես կասկածյալ, հետագայում չէին ընդգրկվում այս կամ այն գործում՝ փաստորեն տոլպեդահարելով մեծ հաշվով շտաբային աշխատանքները։ Տեսեք՝ զինվորների ուղղորդումը մենք կարող էինք նաև տեսնել տարբեր տեսաձայնագրություններում, որոնք տարածվել են համացանցով։

«Ազատություն»․ - Նշված չէ, թե որտեղ է դա, որ տարածքն է, որ տեղամասն է։

Աննա Գրիգորյան․ - Մեր իրավաբաններն ավելի մանրամասն ունեն բոլոր այդ տվյալները, հավաքագրվել են, ներկայացվելու են։ Տեսեք, Սյունիքի մարզում մեծ քանակությամբ զինվորականներ են տարվել և քվեարկել են հենց այնտեղ․․․

«Ազատություն»․ - Բայց փաստ չկա, որ նրանց հենց ուղղորդել են, սա է ամբողջ հարցը։ Հասկանում եք՝ Ձեր ասածը, Ձեր մեղադրանքը փաստական հիմնավորում չունի։

Աննա Գրիգորյան․ - Դուք տեսե՞լ եք այն տեսաձայնագրությունը, որտեղ զինվորը մտնում է և արդեն պատրաստի ծրարը կարծես թե դրված է և նա վերցնում է։

«Ազատություն»․ - Գրված չէ, թե որ տեղամասն է և երբ է դա տեղի ունեցել, այնպես որ կարող է այդ վիդեոն սարքված լինել։

Աննա Գրիգորյան․ - Ինչպես թե սարքված լինի, օնլայն ռեժիմով հրապարակում էր, ի՞նչ է նշանակում՝ սարքված լինել, դա իրականությանը համապատասխանող տեսաձայնագրություն էր։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ չի գրվել տեղամասը։

Աննա Գրիգորյան․ - Ես չգիտեմ, զինվորականների առումով միգուցե ինչ-որ խնդիր կա հրապարակելու համար, ես դրանում վստահ չեմ։

«Ազատություն»․ - Դատարանները պետք է որոշեն, դուք դիմե՞լ եք կոնկրետ այդ դեպքի մասով։

Աննա Գրիգորյան․ - Մենք դիմել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով հիմա՝ արձանագրելով բոլոր խախտումները, առաջիկայում, էլ ավելի համապարփակ ձևով, կդիմենք արդեն Սահմանադրական դատարան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG