Մատչելիության հղումներ

Չնայած բևեռացված միջավայրին, ընտրությունները մրցակցային էին և լավ կազմակերպված, նշում են միջազգային դիտորդները


Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային և լավ կազմակերպված, սակայն բևեռացված և խաթարված էին ագրեսիվ հռետորաբանությամբ։ Սա միջազգային դիտորդների առաջին գնահատականն է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսը այդուհանդերձ, ընդգծեց՝ խորը բևեռացումը չի նսեմացրել արդյունավետ անցկացված ընտրությունները. «Չնայած դժվարություններին և ընտրությունները կազմակերպելու համար շատ կարճ ժամանակահատվածի, մի կողմ դնելով բավականին բևեռացած միջավայրը, կազմակերպվել են արդարացիորեն դրական ընտրություններ՝ առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Եվ, իհարկե, խոսքը վերաբերում է ոչ միայն ընտրությունների օրվան, այլև նախըտրական արշավին։ Մենք տեսել ենք, որոշ չնչին տեխնիկական խախտումներ տեղամասերում, սակայն սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում ժողովրդավարական և սահմանադրական կարգը»։

Ազգությամբ հույն Կատրուգալոսը, համեմատականներ տանելով իր երկրի քաղաքական կյանքի հետ, որը, ըստ նրա, նույնպես չափազանց բևեռացված է, ընդգծեց, որ հետընտրական ժամանակահատվածում ընտրությունների արդյունքները պետք է ընդունել ի գիտություն՝ ցանկացած կողմ դրանք պետք է դիտարկի որպես մեկ քայլ առաջ և հնարավորություն՝ հաջորդ ընտրություններին մասնակցելու համար։

Ընտրությունների օրը ընդհանուր առմամբ խաղաղ է անցել և դիտորդները դրական են գնահատել իրենց այցելած ընտրատեղամասերում քվեարկության գործընթացը։ Դիտորդները նկատում են, որ քարոզարշավի կարճ ժամանակահատվածում թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել, և ժողովրդավարական ընտրությունների առումով կարևոր հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մերֆին, թեև ընդգծեց, որ իշխանությունները իրենց մանդատն իրականացրել են պրոֆեսիոնալ կերպով, այդուհանդերձ ագրեսիվ, անձնավորված, թշնամանքը միգուցե խաթարել է կառուցողականությունը։

Դիտորդների գնահատմամբ՝ որոշ դեպքերում ճնշումներ են գործադրվել ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի աշխատողների նկատմամբ, որպեսզի մասնակցեն քարոզչական միջոցառումներին, ձայների գնման և պետական ռեսուրսների չարաշահման մեղադրանքները շարունակվել են քարոզչության ողջ ընթացքում. «Այո, եղել են մեղադրանքներ, ենթադրություններ խախտումների վերաբերյալ, հաղորդվել են համապատասխան կառույցներին և բնական է ընթաց է ակնկալվում»:

Առաքելության ղեկավարն ընդգծեց՝ դեռ մի որոշ ժամանակ էլ կմնան Հայաստանում՝ հետընտրական գործընթացներին հետևելու համար։

Վերջնական զեկույցը կլինի 2 ամսից։ Կարճ ակնարկ եղավ նաև Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, որը ըստ դիտորդների՝ թերևս լրամշակվել է, սակայն ժամանակի սղության պատճառով որոշ դրույթներ անորոշ են մնացել։

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսեն էլ ընդգծեց՝ թեպետ վերջերս ներմուծված ընտրական փոփոխությունները հանգեցրել էին թեկնածուների ցուցակներում կանանց ավելի մեծ ներկայացվածությանը, նրանք քարոզչության ընթացքում հիմնականում չեն մասնակցել քննարկումներին. «Կարևոր է, որ կանայք ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հասարակական և քաղաքական կյանքում»:

Թեպետ ընդունված չէ, որ դիտորդները համեմատականներ անցկացնեն ընտրությունների միջև, այդուհանդերձ «Ազատության» դիտարկմանն՝ արդյոք այս ընտրությունները քայլ առա՞ջ էին նույն իշխանությունների կողմից կազմակերպված 2018-ի ընտրություններից, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Գեորգե Կատրուգալոսն ասաց, որ չի կարող ասել, թե նոր զեկույցն ինչպիսին կլինի, սակայն անձնապես վստահ է, որ 2018-ի և 2021-ի արտահերթ ընտրությունները նման էին իրար։

Նկատենք, որ ԱՊՀ դիտորդները ևս չեն արձանագրել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովի խոսքով՝ թերացումներ եղել են, բայց դրանք համակարգային բնույթ չեն կրել: Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում։

«ԿԸՀ իշխանության հետ համատեղ իրականացրել են բարձր մակարդակով կազմակերպված ընտրություններ, որոնք համապատասխանում են Սահմանադրությանը և ԸՕ-ին։ Ընտրությունները թափանցիկ էին և կառուցողական», - նշել է Նեմատովը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկում էին մոտ 500 միջազգային դիտորդներ։

XS
SM
MD
LG