Մատչելիության հղումներ

Վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայները Վանաձորի մի տեղամասում 90-ով ավելացել են


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 27 տեղամասերում վերահաշվարկ իրականացնելու դիմում է ստացել։ Նման պահաջով դիմելու ժամկետը լրացել է երեկ առավոտյան11։00 -ին, իսկ վերահաշվարկի գործընթացը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունիսի 25-ը։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը «Ազատության»-ը փոխանցեց երեկ վերհաշվարկ է անցկացվել վեց տեղամասում և նրանցից միայն մեկում է անհամապատասխանություն արձանագրվել․ Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները աճել են մոտ 90-ով։

«Ընդամենը մի տեղ է եղել, վաղը վերջնական կամփոփենք, կներկայացնենք։ Վանաձորում՝ 23/47 տեղամասում «Հայաստան»-ի ձայներն աճել են մոտ 90-ով», - ասաց ԿԸՀ քարտուղարը։

Սմբատյանի փոխանցմամբ, վերահաշվարկի դիմումների մեծ մասը ոչ պատշաճ ընթացակարգերով են ներակայցվել։ Չնայած դրան, ԿԸՀ-ն ընթացք է տվել բոլորին, բացի դրանից, տարածքային հանձնաժողովները, սեփական նախաձեռնությամբ, ևս որոշել են վերահաշվարկ իրականացնել որոշ տեղամասերում։ Արդյունքում 70-ից ավելի ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկ կիրականացվի։

«Երկու կամ մեկ անգամ քաղաքական ուժ է ներկայացրել «Զարթոնք»-ը և «Ինքնիշխան Հայաստան»-ը, նաև դիտորդական կազմակերպությունից ենք ստացել։ Դա է եղել», - ասաց Սմբատյանը։

Երեկ «Ազատություն»-ը հետևել է թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողովում իրակացվող վերահաշվարկին։ Այստեղ արձանագրության հետ որևէ տարբերություն չգտնվեց։

«Ոչ մի տարբերություն ոչ մի թվի հետ չտվեց, ամեն ինչ ճիշտ էր, ինչպես տեսաք, բոլորը հաշվեցինք», - ասաց հանձնաժողովի նախագահ Վարդան Առաքելյանը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ղեկավարած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը մի քանի տեղմասաերում էր վերահաշվարկ իրականացնելու դիմում ներկայացրել։ Զոհրաբյանը փոխանցեց, այդ տեղմասերից ավելի մեծ ակնկալիքներ են ունեցել հենց այդ պատճառով էլ դիմել են վերահաշվարկի համար։

ԿԸՀ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքերը կամփոփի այս կիրակի՝ ընտրություններից մեկ շաբաթ անց։

XS
SM
MD
LG