Խաղաղ, սահուն, առանց լայնածավալ կոպիտ խախտումների, սակայն եղած խախտումների առումով այնուամենայնիվ մտահոգիչ․ 580 մշտական ու ևս 2 տասնյակ շրջիկ դիտորդներով հունիսի 20-ի ընտրություններիը դիտարկած «Ականատես» տեղական կազմակերպություններից բաղկացած առաքելության գնահատականն է։
«Այդուհանդերձ նկատվել է որոշ լարվածություն մի շարք տեղամասերում, և էդ լարվածությունը, որպես կանոն, պայմանավորված է եղել կողմնակի անձանց ներկայությամբ, ուղղորդումներով և վերահսկվող քվեարկությամբ։ Դա եղել է, կարող եմ ասել, համատարած, ամբողջ մեր ընտրանքով մեկ, և ենթադրաբար նաև Հայաստանի բոլոր տարածքներով», - ասում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Նա ասաց, որ դիտարկել են 300 ընտրատեղամաս, սակայն ընտրած մեթոդաբանության շնորհիվ հետևություններ են անում ողջ Հայաստանի տարածքում ընտրության ընթացքի, որակի և օրինականության վերաբերյալ։
«Ականտեսը» նկատած խախտումների ամենամեծ տեսակը համարոււմ է ապօրինի կերպով ընտրության վերահսկողության փորձերը։
«Էդ ուղղորդումները արձանագրվել են հետևյալ դրսևորումներով՝ մեքենաներով տանել-բերելու մարդկանց, մեքենայից իջնելու ժամանակ նույնիսկ անունն է նշվել, համարն է նշվել, ցուցակներով մարդիկ, որոնք պարբերաբար հսկել են, քվեարկության վերահսկողություն՝ քվեախցին շատ մոտ կանգնելով և դիտարկման հնարավորություն ունենալով», - ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։
Ընդ որում, լայանծավալ դիտորդական առաքելության ղեկավարներն ասում են, որ ամենաշատ խախտումների փորձերը նկատվել են «Հայաստան» դաշինքի կողմից։
«Տարբեր տեղամասերում տարբեր կուսակցությունների վստահված անձանց ներգրավմամբ։ Մասնավորապես, դիտարկել ենք «Պատիվ ունեմ»-ի, «Քաղաքացիական պայմանագրի», «Բարգավաճ Հայաստանի», «Զարթոնքի», Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների առանձին դրվագներ, որտեղ որ նրանք որևէ կերպ ներգրավված են եղել և խախտման մասնակից են եղել։ Սակայն, ինչպես նշեցի, մեծածավալ խախտումները եկել են «Հայաստան» դաշինքի կողմից», - ասաց Այվազյանը։
«Արձանագրումներում ամենից շատ երևում է «Հայաստան» դաշինքի անվանումը՝ վստահված անձանց մակարդակով, «Պատիվ ունեմը»-ը կա։ Բայց ամենաշատ բաժինը «Հայաստան» դաշինքինն է», - հավելեց Բարսեղյանը։
Որքանով են եղած խախտումներն ազդել ընտրական գործըթնացի վրա. Սոնա Այվազյանի կարծիքով ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ ընտրակաշառքը, որը սակյան չափազանց բարդ հայտնբերվող հանցանք է․ - «Էն մարդիկ, որոնք կողմնորոշված են, կգնան իրենց ընտրությունը կկատարեն պարզապես։ Եվ ինչի՞ համար կարիք կա մարդկանց ուղղորդելու, ստուգելու, վերահսկելու, եթե ունես ինչ-որ խոստում քաղված էդ մարդկանցից, որ իրենք խոստացել են, կամ իրենք ստացել են ինչ-որ բան ի պատասխան նրան, որ գնան քվեարկեն»։
Հայաստանյան մյուս խոշոր դիտորդական առաքելության՝ 700 հոգանոց թիմով ընտրությունները դիտարկած «Անկախ դիտորդ»-ը արձանգրած խախտումները մի քանի խմբի է բաժանում. քվեարկության գաղտնիության խախտումներ, տեղամասի ներսում քարոզչույթնա դեպքեր, քվեաթերթիկներից մեկի բացակայություն։
«Տեղամասերի 10 տոկոսում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողներին տրվել են ոչ բոլոր քվեաթերթիկները, և 10 տոկոսում արձանագրվել են քվեաթերթիկների դուրս բերման դեպքեր։ Թվով երեք ընտրական տեղամասերում որ բոլոր քվեաթերթիկները տալը կրել է պարբերական բնույթ, և հենց կոնկրետ մեկ կուսակցության մասով է եղել։ Մասնավորապես, պարբերաբար չի տրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեաթերթիկը ընտրողներին։ Երկու այդպիսի տեղամասերը Երևանում էին, մեկը՝ Գորիսում։ Սա մեր դիտարկած տեղամասերի մասին է խոսքը», - ասաց Դանիել Իոաննսիյանը։
«Անկախ դիտորդը» ստացել է նաև ընտրակաշառքի բաժանման և ընտրողների վրա ապօրինի ազդեցության փորձերի մասին ահազանգեր, որոնց վերաբերյալ ստացված տեղեկությունները տրամադրել են ոստիկանությանը․ - «Բավականին առատ են եղել «Հայաստան» դաշինքի կողմից կամ այդ ուժի համար ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգերը։ Ինչպես նաև մի խումբ խոշոր ձեռնարկությունների կողմից ենթակաների վրա ապօրինի ազդեցության դեպքերը։ Այդպիսի ձեռնարկությունների թվին են պատկանում այնպիսիք, ինչպիսին է «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և այլն»։
Նկատված խախտումները արդյո՞ք էական ազդեցություն են ունեցել ընտրության արդյուքների վրա։ Առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է՝ ոչ․ - «Եղել են մրցակցային, առնվազն 25 կուսակցություններ և դաշինքներ են մասնակցել։ Պետք է արձանագրենք, որ այդ խախտումները, որ թվարկեց պարոն Իոաննիսյանը, մեծ առումով քվեարկության օրը ընտրողների ազատ կամքի վրա էական կամ որոշիչ ազցեցություն չեն ունեցել»։