Առանց ռեյտինգային ցուցակների, առանց գրիչի ու ընտրության 2 տասնյակից ավելի հնարավորություն. վաղը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Ընտրապայքարում 25 քաղաքական ուժ է, նրանցից 4-ը՝ դաշինք։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ընտրողների ձայների 5, իսկ դաշինքների դեպքում՝ 7 տոկոսը։
«Մանդատների բաշխմանը մասնակցում են միայն 5 և 7 տոկոս հաղթահարածները, բայց եթե հաղթահարում են երկուսը, այդ դեպքում նաև երրորդ ամենաշատ ձայներ ստացած ուժն է անցնում խորհրդարան ու մասնակցում մանդատների բաշխմանը», - ասում է ընտրական ոլորտի փորձագետ Վարդինե Գրիգորյանը:
Եթե ուժերից մեկը չստանա 50 + մանդատ ու 6-օրյա ժամկետում դաշինք չկազմի մեկ այլ ուժի հետ, ապա անխուսափելի է ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։ Կոալիցիա կարող են կազմել առավելագույնը երեք ուժ։ Կայուն մեծամասնության համար քաղաքական ուժերից մեկին անհրաժեշտ է 54 մանդատ։
«Եթե ստանում է 50+, բայց ոչ 54 տոկոսը մանդատների, այդ դեպքում ստանում է լրացուցիչ մանդատներ, այսինքն` այստեղ ստացվում է, որ 50 տոկոս ապահովելն արդեն իսկ նշանակում է, որ կունենա կայուն քաղաքական մեծամասնություն», - նշում է փորձագետը:
Արտահերթին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 2 ու կես միլիոն քաղաքացի։ Հանրապետության ողջ տարածքում վաղը գործելու է 2008 ընտրատեղամաս։ Քաղաքացիները քվեարկության նոր կարգով կընտրեն իրենց նախընտրելի կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին՝ քվեաթերթիկը պարզապես տեղադրելով ծրարի մեջ, գրիչ պետք չէ։ Ընտրատեղամասերի գրեթե մեծ մասում տեսախցիկներ են լինելու, բայց դա չի նշանակում, որ կարող է հանրայնացվել ընտրողի քվեարկությունը, հիշեցնում ու զգուշացնում է ընտրական ոլորտի փորձագետը. «Քվեարկության գաղտնիությունը չի խախտվում, ոչ ոք տեսախցիկով կամ այլ միջոցով չի կարող հետևել, թե իրենք ինչպես են ընտրում, այսինքն` այս տեսախցիկները փաստացի այնտեղ են, որպեսզի եթե լինի հանցագործություն, նախ դա կարձանագրվի, երկրորդ` նաև կանխարգելիչ բնույթ ունեն, քանի որ եթե տեսանելի է ամեն ինչ ու տեսագրվում է, մարդիկ շատ ավելի պատշաճ վարքագիծ են դրսևորում, բայց ընտրողներին ոչ մի կերպ չեն կարող վախեցնել, որ տեսախցիկներով հնարավոր է բացահայտել իրենց քվեարկությունը, ոչ ոք չի կարող վերահսկել իրենց քվեարկությունը, ոչ ոք չի կարող ստիպել, որ իր քվեաթերթիկը դուրս տանեն:
Շատ տհաճ է, որ մենք ստիպված ենք ասել, թե ինչպես կարող եք խաբել նրան, ով ստիպում է ձեզ քվեաթերթիկ դուրս բերել, բայց փաստն այդպիսին է. մենք ունենք իրականություն, որում փորձում են մարդկանց ստիպել այս կամ այն ձևով մասնակցություն ունենալ ընտրակեղծիքներին»:
Քաղաքացու ընտրությունը ոչ ոք չի կարող վերահսկել։ Օրենքն է արգելում: Գլխավոր դատախազությունն այսօր ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ընտրողին ոչ ոք իրավունք չունի հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը, որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը, առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը, հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ:
Գերատեսչությունից զգուշացնում են՝ նման արարքներ իրականացրած անձինք կպատժվեն ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ: Ընտրության օրն արգելվում է նաև բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը, շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը:
Հանցավոր արարք է նաև ընտրակաշառք տալը, վերցնելը, պատիժը սահմանում է քրեական օրենսգիրքը՝ ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկում։ Ընտրություններին քաղաքական ուժերի վստահված անձանցից բացի, 1700-ից ավելի տեղացի ու արտասահմանցի դիտորդ, 100-ից ավելի լրատվամիջոց է հետևելու։ Ընտրության նախնական արդյունքները հայտնի կդառնան երկուշաբթի օրը։