Վաղը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից:
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ` կարևորելով, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը: