Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Հարությունյանի և Շոյգուի հանդիպումը


Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, Մոսկվա, 28-ը մայիսի, 2021թ․
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, Մոսկվա, 28-ը մայիսի, 2021թ․

Մոսկվայում հանդիպել են Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարները։

«Մեր երկրների հարաբերությունները, ինչպես և նախկինում, գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, և մենք շարունակում ենք զարգացնել և խորացնել մեր ռազմավարական դաշնակցությունը», - հայտարարել է Սերգեյ Շոյգուն՝ շնորհավորելով հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։

Հանդիպման՝ լրագրողների համար բաց հատվածում որևէ անդրադարձ չի եղել հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությանը, որի հետևանքով հայկական բանակի մեկ զինծառայող զոհվել է, ևս 6-ը՝ գերեվարվել։ Շոյգուն միայն նշել է, թե հաջողությամբ իրականացվում են Ռուսաստանի ու Հայաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում Հավաքական անվտանգության համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր ստեղծելու համաձայնագրերը։

«Երկկողմ բարձր մակարդակի համագործակցության վկայությունը Հայաստանում գործող 102-րդ ռուսական ռազմակայանն է, որը մենք դիտարկում ենք որպես տարածաշրջանի անվտանգության կարևոր գործոն», - ասել է Շոյգուն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ քննարկվելու են տարածաշրջանի անվտանգությանը, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այս պահին առկա բոլոր սուր խնդիրները։

Վաղարշակ Հարությունյանն, իր հերթին, վստահեցրել է, թե ռուս-հայկական ռազմական համագործակցությունը շատ հաջող է զարգանում։

XS
SM
MD
LG