«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» գլխավորող պատգամավոր Արման Բաբաջանյանը նողկալի, զազրելի ու քստմնելի քայլ է համարում Հայաստանի ինքնիշխանության դեմ Մոսկվայում Կրեմլի խոսափողը համարվող Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի «Крым наш» արտահայտությունը։
Վանեցյանն ուղղակի հակապետական անձանց և շրջանակի հետ է հանդիպում, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բաբաջանյանն՝ ընդգծելով՝ միայն հասկացողները կհասկանան, թե ինչ մեծ վնաս է հասցնում նրա արած հայտարարությունը Հայաստանի հեղինակությանը։
Բաբաջանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև։
Արման Բաբաջանյան․ - Այս ընտրությամբ է պայմանավորվելու, թե Հայաստանը, որպես ինքնիշխան երկիր, կշարունակի գոյություն ունենալ, թե՞ կդառնա ռուսական կայսրության ծայրամասային գուբերնիա, որի վերաբերյալ նաև առանց ամաչելու այդ հանցագործների որջը հանդես է գալիս «Հայաստան» անունով՝ դաշինքով և Հայաստանի ինքնիշխանության դեմ, Հայաստանի պետականության դեմ ուղղակի գործունեություն է ծավալում՝ չբացառելով, այսպես ասած, խորը ինտեգրացիան Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ սրանից խորն ուղղակի այլևս չի լինում, և մարդիկ ուղղակի ուզում են միութենական պետության մաս դարձնել Հայաստանը, ինչը նրանց չի հաջողվելու, որովհետև մենք, մեր ընտրողները տեսնում ենք նաև այդ տրամադրությունները, ունենք բավարար և՛ պատկերացում, և՛ կամք, և՛ վճռականություն սրանց դեմն առնելու և սրանց մտադրություններն ուղղակի հիմնահատակ օրորոցում խեղդելու համար։
«Ազատություն»․ - Դուք «Հայաստան» դաշինքը նշեցիք, էս համատեքստում կտեղավորեի՞ք նաև «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը Ղրիմի վերաբերյալ, որը Հայաստանում հակասական արձագանք է ստացել։
Արման Բաբաջանյան․ - Ուղղակի ապշած եմ, ափսոսում եմ ուղղակի, որ մեր քաղաքական այս կարևորագույն միջոցառման շրջանակում հայտնվել է մի քաղաքական ուժ, որն առաջնորդում է այս թոթովախոս անձը, մեծագույն բաժինը մեղքի այս իշխանությանն է նրան էսպես հանրության համար հայտնի դարձնելը, այդ անձը և նրա արած հայտարարությունը, թե ինչքան մեծ վնաս է հասցնում Հայաստանի հեղինակությանը և առհասարակ Հայաստանի քաղաքական դաշտին, միայն հասկացողները կհասկանան, և այդքան հարճ լինել, այդքան ստրուկ լինել և գնալ Ռուսաստանում պրոպագանդիստական հաղորդման ժամանակ անգիր արած առաջին իսկ արտահայտությունն ասել՝ «Крым наш», այս նողկալի, այս զազրելի, այս քստմնելի կերպն արտահայտվելու, երբ մենք ունենք արցախյան հիմնահարց, երբ մենք ունենք Լավրովի կողմից այս օրերին արված հայտարարություն, որ պիտի հետաձգենք կարգավիճակի հարցը։ Փոխանակ նախանձախնդիր լինենք արտաքին քաղաքական հիմնահարցերում, համախոհ լինելու ամբողջ քաղաքական դաշտով, ուղղակի ափսոսում եմ, և նաև ինձ համար անհասկանալի է Հանրապետական կուսակցության վերաբերմունքը։ Ես կարծում էի, որ նրանք պիտի անարձագանք չթողնեին, օրինակ, Վանեցյանի և Կալաշնիկովի այսօրվա հանդիպումը, մի անձ, ով առաջին օրից դեմ է հանդես եկել Նժդեհին, Նժդեհի արձանի գոյությանը Երևանում և այս անձը, ով գլխավորում է նաև Հանրապետական կուսակցության հետ կազմված դաշինքը, ուղղակի հակապետական անձանց և շրջանակի հետ է հանդիպում, ռուսական մարդիկ, ովքեր Հայաստանի ժողովրդավարկան ապագային պատերազմ են հայտարարել և դրա մասին չեն թաքցնում, նրանք գործակցում են Ալիևի հետ և այդ ռուս-ադրբեջանական օրակարգն ընդդեմ Հայաստանի պետականություն իրականացնողներն են։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև