Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին նախատեսված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ Կոմիտեիում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննությունը համակարգելու նպատակով։
Ընտրությունների օրը՝ հունիսի 20-ին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն, խմբի աշխատանքները կհամակարգեն Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները։
Այսօր պաշտոնապես մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ: Ընտրություններին 26 ուժ է գրանցված` 22 կուսակցություն և 4 դաշինք: Դրանց մասնակցում են երկրի բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր քարոզարշավի մեկնարկին զսպվածության կոչ է արել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին։
Քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել նաև Հայաստանի իրավապահ մարմինները՝ կոչ անելով ընտրական գործընթացում պահպանել օրինականությունը և հիշեցնելով ընտրախախտումների համար օրենսդրությամբ սահմանված խիստ պատիժների մասին։ Օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին բացառել վիրավորանքն ու հայհոյանքը։