Մատչելիության հղումներ

Նախագահը քարոզարշավի մեկնարկին դիմում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին և ընտրողներին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր քարոզարշավի մեկնարկին զսպվածության կոչ է արել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին և դաշինքներին։

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես կոչ է արել «հարգել ընտրողին ու մրցակցին, ցուցաբերել խոհեմություն ու հանդուրժողականություն, ընտրական գործընթացն անցկացնել քաղաքակիրթ քաղաքական մշակույթի մթնոլորտում»:

Ընդգծելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում բացառիկ բարդ և ճգնաժամային պայմաններում, ժողովուրդն ու պետությունն անցնում են դժվարին փորձությունների միջով՝ Արմեն Սարգսյանն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին՝ իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով «չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ ազգային արժեքներին ու հավաքական նպատակին»:

«Պետական բոլոր կառույցները պարտավոր են առավել պատասխանատվությամբ վերաբերվել իրենց պարտականություններին, քարոզարշավի մեկնարկի առիթվ իր կոչում հայտարարելէ նախագահն՝ ընդգծելով՝ հատկապես մեծ պատասխանատվություն ունեն իրավապահ մարմինները»․ - «Նրանք պարտավոր են գործել մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ երաշխավորելու օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, ապահովելու հասարակական կարգը, ընտրությունների բնականոն ընթացքը»։

Նախագահը նաև դիմել է բոլոր ընտրողներին․ - «Ընտրություններին ակտիվորեն մասնակցելով դրսևորենք մեր վերաբերմունքը քաղաքական այս կամ այն ուժի, այս կամ այն քաղաքական գործչի հանդեպ՝ խորապես գիտակցելով, որ ընտրություն ենք կատարում մեր երկրի ապագայի, զարգացման հեռանկարի, մեր սերունդների բարեկեցության համար»:

Այսօր պաշտոնապես մեկնարկում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ: Ընտրություններին 26 ուժ է գրանցված` 22 կուսակցություն և 4 դաշինք: Դրանց մասնակցում են երկրի բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:

Նշենք, որ քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել նաև Հայաստանի իրավապահ մարմինները՝ կոչ անելով ընտրական գործընթացում պահպանել օրինականությունը և հիշեցնելով ընտրախախտումների համար օրենսդրությամբ սահմանված խիստ պատիժների մասին։ Օմբուդսմեն Արման Թաթոյանն էլ կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին բացառել վիրավորանքն ու հայհոյանքը։

XS
SM
MD
LG