Այսօր պաշտոնապես մեկնարկում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի մինչև հունիսի 18-ը ներառյալ:
Ընտրություններին 26 ուժ է գրանցված` 22 կուսակցություն և 4 դաշինք: Դրանց մասնակցում են երկրի բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է գլխավորում: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական ցուցակներում ներկայացված չէ, բայց Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նա, մասնակցում է ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքում, իսկ Սարգսյանն ինքը ակտիվորեն մասնակցում է քարոզչական աշխատանքներին: