Մատչելիության հղումներ

Ռուբինյանը վստահեցնում է՝ «մանդատը վերստանալու դեպքում» անելու են հնարավորը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է՝ մանդատը վերստանալու դեպքում շարունակելու են անել հնարավորը Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում Ռուբինյանն ընդգծում է՝ դրա տեսլակնն էլ ունեն։

Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև;

«Ազատություն»․ - Ձեր ընդդիմախոսների հակադարձումներին անցնենք, նույն անվտանգության թեմայով․ ասում են, որ «ձեր իշխանությունը խաղաղության տասնօրյակ էլ չի կարողանում ապահովվել, դարաշրջա՞ն եք խոստանում»։ Ես ուզում եմ հարցնել՝ դուք իխանության եք, հիմա ի՞նչն է խանգարում, որ ձեզ 60 տոկոս ձայն է պետք, որպեսզի գաք և այդ դարաշրջանը սկսվի։

Ռուբեն Ռուբինյան․ - Պետք վերաձևակերպեք Ձեր հարցը, որովհետև չեմ հասկանում՝ ի՞նչ նկատի ունեք։

«Ազատություն»․ - Պարոն Փաշինյանն է ասել, որ «60 տոկոս քվե տվեք և խաղաղության դարաշրջան կսկսվի», ես դա նկատի ունեմ և ձեր ընդդիմախոսների հակադարձումները փոխանցեցի։

Ռուբեն Ռուբինյան․ - Պարոն Փաշինյանը, երբ խոսում է 60 տոկոս ստանալու ակնկալիքի մասին, նկատի ունի հետևյալը, որ, այո՛, չնայած պարզ մեծամասնություն կազմելու դեպքում նույնպես հնարավոր է կազմել կառավարություն, սակայն մենք ակնկալում ենք ավելի ուժեղ մանդատ, որպեսզի ավելի վստահ և ազատ կարողանանք իրականացնել բարեփոխումներ և կայունացնենք քաղաքական վիճակը։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգության ապահովմանը՝ ես Ձեզ, օրինակ, ներկայացրեցի համատեքստը վերջին ամսվա իրադարձութունների, անվտանգության ապահովումը ենթադրում է մի քանի կոմպոնենտ՝ իրավիճակի գնահատում, եթե պետք է դիմել կոշտ մեթոդների, դիմել կոշտ մեթոդների, եթե պետք չէ դիմել կոշտ մեթոդների, չդիմել կոշտ մեթոդների, եթե պետք է օգտագործել միջազգային դիվանագիտության գործիքակազմն, անել դա, և մենք, կարծում եմ, որ այս ընթացքում ստեղծված պայմաններում ճիշտ քայլերի ենք դիմել, և ընտրություններում հաղթելու դեպքում մենք շարունակելու ենք ամեն ինչ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունն ապահովելու համար։

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք կարծում եք, որ դուք ապահովվե՞լ եք Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։

Ռուբեն Ռուբինյան․ - Ես կարծում եմ, որ ստեղծված պայմաններում մենք արել ենք հնարավորը՝ հնարավորինս անվտանգ միջավայր ստեղծելու համար, բայց բնականաբար ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կան սպառնալիքներ և այդ սպառնալիքները պետք է կառավարել, բայց ես վերադառնակ իմ խոսքին, երբ Դուք մատնանշեցիք մեր ընդդիմախոսներին, մենք նոր խոսում էինք ՀԱՊԿ-ից, մեր ընդդիմախոսներն ըստ էության ասում էին հետևյալը՝ «ինչո՞ւ պիտի ՀԱՊԿ-ը կատարի իր պարտավորությունները, եթե Հայաստանը չի կրակում», ես կարծում եմ, որ սա մի աբսուրդային պնդում է, որովհետև նախ ՀԱՊԿ-ն, ըստ պայմանագրի, պիտի որոշակի գործողություններ կատարի ոչ միայն կրակոցի դեպքում, երկրորդը՝ հենց նույն մեր գործընկերներն են կոչ արել այդ թվում Հայաստանին, խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով և, ըստ այդմ, մենք ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այսինքն՝ մեր ընդդիմախոսների պնդումները հաճախ նույնիսկ ինքնահակասող են․ մեկ ասում են՝ «ինչո՞ւ չեն կրակում», հետո կասեն՝ «ինչո՞ւ եք կրակում» և այսպես շարունակ։

«Ազատություն»․ - Ես էլ վերադառնամ ձեր խոսքին՝ 60 տոկոս ձայն հավաքելու մասին․ դուք հիմա 60 տոկոսից ավելին ունեք, պարոն Ռուբինյան, դրանով են հակադարձում, ի՞նչն էր խանգարում որպեսզի լուծեիք անվտանգության խնդիրը, մեծ հաշվով ձեր խմբակցությունից չեղավ այդ արտահոսքը, ընդդիմության փողոցային պայքարը մեծ հաշվով չտվեց արդյունք։

Ռուբեն Ռուբինյան․ - Այսինքն՝ հարցնում եք՝ թե ինչո՞ւ գնացիք ընտրությունների։

«Ազատություն»․ - Չէ, հարցնում եմ՝ ի՞նչն է ձեզ խանգարել, որպեսզի անվտանգությունն ապահովվի, և հիմա դուք այդ մանդատը խնդրում եք և ձևակերպում եք, որ դրանով սկսվելու է անվտանգության դարաշրջանը։

Ռուբեն Ռուբինյան․ - Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ 2020 թվականին Արցախի վրա տեղի է ունեցել հարձակում, այդ հարձակումը կատարվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և ոչ միայն բարոյական աջակցությամբ, այդ հարձակման մեջ ներառված են եղել վարձկան տեռորիստներ, և տեղի է ունեցել շատ ծանր պատերազմ՝ շատ ծանր հետևանքներով, որին հետևել է որոշակի ներքաղաքական անկայունություն, որը կարծում եմ, մենք հաղթահարել ենք որքան որ հնարավոր էր լավ այդ իրավիճակում, նկատի ունեմ՝ մի կաթիլ արյուն նույնիսկ չի թափվել այդ ընթացքում, կամ մեկ կաթիլ երևի թե թափվել է և դա մեր թիմակից Արարատ Միրզոյանի արյունն է եղել։ Այո՛, Հայաստանը շատ ծանր մարտահրավերի դիմաց է կանգնել, և մենք, ըստ էության, վերջին կես տարին կրիզիսային կառավարման մեջ ենք, և իրադարձությունների բերումով, նաև մեր սկզբունքային դիրքորոշման արդյունքում, մենք եկել ենք մի հայտարարի, որ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և մանդատը վերստանալու դեպքում, այո՛, մենք պատրաստվում ենք շարունակել անել հնարավորը՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար և մենք, ի տարբերություն մեր ընդդիմախոսների, ներկայացնում ենք դրա տեսլականը, այդ տեսլականը կարող է ընդունելի լինել, կարող է ընդունելի չլինել, կարող է դուր գալ, կարող է դուր չգալ քաղաքացիներին, բայց մենք այն ներկայացնում ենք։

Հարցազրույցն ամբողջությաբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG