Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին


«Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում», - նշել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Փաշինյանը շարունակել է. «Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ: Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ այն պահին, «երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի»:

«Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա:

Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ: Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր: Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր:», - եզրափակել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ «Ապագա կա»-ն Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսն է։

Վաղը պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, արտահերթին 26 ուժ է մասնակցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG