Ադրբեջանցի պաշտոնակցի հրավերով այսօր Բաքու ժամանած Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինին ընդունել է նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալիևը գոհունակություն է հայտնել Բելառուսի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում համագործակցության կապակցությամբ, որը «հաջողությամբ շարունակվում է»։
Ադրբեջանի առաջնորդը նշել է նաև, որ բելառուսական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Բաքվի վերահսկողության տակ անցած Ղարաբաղի տարածքների վերականգնողական աշխատանքներով։
ՀԱՊԿ անդամ Բելառուսի ռազմական գերատեսչության ղեկավարի այցն Ադրբեջան տեղի է ունենում ռազմական դաշինքի անդամ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության ֆոնին։ Ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և սպասում է կառույցի արձագանքին։
Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի անդամ Բելառուսն Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին։