Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է՝ ավարտվել է զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու։
Ազգային անվտանգության ծառայությունը չի նշում, թե որ թվականներին է պաշտոնավարել այս անձը և թե երբ են դեպքերը տեղի ունեցել, չի հայտնում նաև զինվորականի անունը, «Ազատությանը» չի հաջողվել պարզել, թե ով է նա։
Իրավապահների պնդմամբ՝ բարձրաստիճան զինվորականը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և ստացել է կոնկրետ առաջադրանքներ։ Նա հավաքել է Հայաստանի և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի զինված ուժերի և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ։ Հետաքրքրվել է Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության մասին, հավաքել տվյալներ, որից հետո՝ պարբերաբար Հայաստանից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս հանդիպումներ և հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է իր կողմից հավաքագրված պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները։
ԱԱԾ-ն հայտնում է, որ բարձրաստիճան զինվորականը կալանավորված է։
Օրերս էլ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց պետական դավաճանության վերաբերյալ մեկ այլ քրեական գործի մասին, որի նախաքննությունն արդեն ավարտվել ու ուղարկվել է դատարան։ Քրեական գործից մանրամասներ չհայտնեց, ասաց միայն՝ գործով անցնում է նախկին զինծառայող, բայց ոչ բարձրաստիճան։
«Դատական նիստին, որքանով որ դա դռնբաց լինի, կարող եք հետևել, տեղեկություններ իմանալ։ Դրան վերաբերող այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, այս պահին ճիշտ չի հրապարակել։ Վաղ է, որ ես ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել՝ պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ: Հրապարակել ենք արդեն՝ շուրջ 1650 քրեական գործ է քննվում, յուրաքանչյուր քրեական գործի կամ դրանց ամբողջական, հիմնական հատվածի քննության արդյունքներով, երբ որ մենք կունենանք իրավական գնահատականներ, արդեն այդ հանձնառությունը ստանձնել ենք, անդրադառնալու ենք նաև դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա», - ասաց Դավթյանը:
Դատախազի մատնանշած գործը արդեն տեղադրվել է դատական տեղեկատվական համակարգում, առաջին նիստը նշանակված է վաղը։ Ըստ «Դատալեքս»-ի՝ պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Մայիս Սահակյանին, որը համաձայն մեղադրական եզրակացության՝ կնոջ օժանդակությամբ, լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է՝ միայն քրեական պատասխանատվությամբ այս խնդիրները չեն կարող լուծվել, կանխարգելող մեխանիզմներ են պետք։
«Համակարգային լուրջ, արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը կա: Կարևոր է, որ ամեն մի կոնկրետ դեպքով պատասխանատվության ենթարկվեն մարդիկ, որոնք ազգային անվտանգությունը խարխլող գործողություններ են կատարել, թուլացրել են երկրի պաշտպանության իմունիտետը, անվտանգության իմունիտետը, ըստ էության, ունենալով տեղեկությունների պաշար: Բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ միայն քրեական պատասխանատվությամբ խնդիրները չեն կարող լուծվել, արդյունավետ չեն կարող լինել, այլ պետք է լինեն կանխարգելիչ, վերահսկիչ մեխանիզմներ: Եթե կան ինֆորմացիաներ, ապա այդ ինֆորմացիաներով ծառայողական քննություններ իրականացնել, կասկածների դեպքում նաև որոշակի կանխարգելող ավելի արդյունավետ մեխանիզմներ, ոչ միայն քրեական հետապնդմամբ», - նշեց իրավապաշտպանը: