Երեկ Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին ընդունած Հայաստանի տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ մայրուղու շինարարությանը մասնակցել ցանկացող իրանական կողմի հետ հուշագիր են ստորագրել, որ աշխատանքային խումբ ստեղծվի՝ Իրանի Իսլամանական Հանրապետության առաջարկները քննարկելու համար։
Իրանցի նախարարի այցին վաղը կհաջորդի արտգործնախարար Զարիֆի այցը Երևան, որը Հայաստան է ժամանանում Բաքվից։
«Հիմա իրանական կողմը առաջարկ ունի։ Մի կողմից, կարող ընկերությունների միջոցով, որոնք ունակ են մեծ երկարությամբ թունելների փորմար, բարձրորակ ճանապարհների կառուցման․․․ Այսինքն՝ իրենք այս գործում հմուտ են։ Էդ ուղղությամբ մենք ունենք 9 և 7 կիլոմետրանոց երկու թունել և 12 կամուրջների կառուցման աշխատանք, որը էական ջանք է պահանջում և կարողություն։ Հիմա իրականական կողմը պատրաստ է այս աշխատանքում ներգրավվել տարբեր ֆորմատներով։ Հիմա մեր միջև ստորագրվել ա հուշագիր աշխատանքային խումբ կազմելու և իրանական կողմի առաջարկները քննարկելու մասին։ Հիմա եթե կլինեն առաջարկներ, որոնք մեզ համար ընդունելի կլինեն, երկկողմ ընդունելի կլինեն, մենք կշարժվենք ավելի առաջ։ Եթե ոչ, մրցութային գործընթացը կմեկնարկի, իրանական ընկերությունները եթե կմասնակցեն մրցույթին, կմասնակցեն ինչպես մյուս երկրների հնարավոր միջազգային գործընկերները», - այսօր Գյումրիում ասաց Պապիկյանը։
Իրանական կողմը «Հյուսիս-Հարավի» նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին։ Ավելի վաղ Իրանի ճանապարհաշինության նախարարը Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել էր Հարավային Ասիան Եվրոպային կապող իրանական «Պարսից ծոց - Սև ծով միջանցքի» նախագիծն ու ասել, թե այդ «կարևորագույն տրանսպորտային միջանցքը, կնպաստի ոչ միայն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլև անվտանգության ապահովմանը»:
Հայաստանի վեց մարզեր ընդգրկող «Հյուսիս-Հարավ» մայրուղու նախագծանախահաշվային աշխատանքները հաջորդ ամիս կավարտվեն, դրան հաջորդելու է մրցութային փուլը: Կառավարությունը, Պապիկյանի փոխանցմամբ, այս պահին վարկային միջոցների ներգրավվում չի նախատեսում․ - «Մեզ համար այս փուլում կենսական է Սիսիան – Քաջարան և Քաջարան – Ագարակ հատված ճանապարհի շինարարությունը։ Արդեն հունիս ամսին մենք կունենանք նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, և ունենք որոշում սկսել մրցութային գործընթաց այդ ճանապարհների շինարարությունը իրականացնելու համար։ Ընդ որում, սկզբնական շրջանում մենք շեշտը դնելու ենք սեփական միջոցների վրա։ Այսինքն՝ վարկային միջոցների ներգրավումը այս փուլում դեռևս չի դիտարկվում, բայց նաև չենք ուզում ասել, որ վարկային միջոցներ չենք օգտագործելու»։
2012-ին մեկնարկած «Հյուսիս-Հարավի» ընդհանուր երկարությունը ավելի քան 550 կիլոմետր է, սակայն վերջին տարիներին դրա ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել, թեև ըստ նախնական ծրագրի, արդեն պետք է պատրաստ լիներ։
Մինչև աշուն նախատեսվում է շահագործել ճանապարհի Գյումրի-Թալին 46 կիլոմետրանոց հատվածի մի կողմը։
Ճանապարհաշինական որոշ ծրագրեր այս տարի այլ մարզերից Սյունիք են տեղափոխվել: Շիրակի մարզից ևս։
Շիրակի համայնքապետերի հետ հանդիպման եկած Սուրեն Պապիկյանից Փանիկի համայնքապետ Վարդան Մակեյանը երբ փորձեց պարզել, թե ռուսական ծանր տեխնիկայի տեղաշարժի պատճառով քանդված իրենց ճանաարհները երբ է հիմնանորոգվելու, Պապիկյանը խոստովանեց, որ այս տարվա ծրագրում ընդգրկված էր, բայց ստիպված էին կրճատել․ - «2021 թվականի համար ես նախանշած ունեի այդ ճանապարհի կառուցումը։ Բայց հայտնի իրադարձությունները, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա աշնանը, մեզ ստիպել են շուրջ 100 կիլոմետր ճանապարհի շինարարություն տեղափոխել Սյունիքի մարզ»։
Շիրակի մարզում 3 տարվա ընթացքում, ըստ հաշվետվության, շուրջ 107 կմ ճանապահների նորոգում ու հիմնանորոգում է իրականացվել: Գրեթե անանցանելի է դարձել Գյումրի- Արմավիր ճանապարհահատվածը: Ճանապահի մի հատվածը հիմանորգվել է, մյուս մասը մնացել: