Մատչելիության հղումներ

Ռուսաստանը որպես մանրադրամ օգտագործում է Հայաստանը՝ Թուրքիայի հետ իր խնդիրներում. Անդրիաս Ղուկասյան


Ռուսաստանը որպես մանրադրամ օգտագործում է Հայաստանը՝ Թուրքիայի հետ իր խնդիրներում, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«Ազատություն». - Ի՞նչ անել, ըստ Երևանի, Հայաստան մտած ադրբեջանական զորքերի հետ. երրորդ շաբաթն է արդեն:

Ղուկասյան. - Պետք է արձանագրել, որ ռուս-հայկական համատեղ զորախմբի մասին պայմանագիրը չի գործում, և դա ևս մի պատճառ է լրացնել այդ բացը միջազգային նոր պարտնյորների միջոցով:

«Ազատություն». - Ավելի հրատապ լուծո՞ւմ, պարոն Ղուկասյան:

Ղուկասյան. - Դա կարող է և շատ հրատապ իրագործում ունենալ, դա կախված է Հայաստանից: Ֆրանսիան այս բոլոր ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր Հայաստանին ցուցաբերել է բազմաթիվ օգնություն անվտանգության ոլորտում, և այդ օգնության ընդամենը որոշակի տոկոսն է ընդունվել մեր կառավարության կողմից, որովհետև մեր կառավարության քաղաքականությունն է որոշակի այնպիսի վեկտոր պահպանում, որ ընդունելի չէ ռազմաքաղաքական համագործակցությունը Ֆրանսիայի հետ կամ ԱՄՆ-ի հետ և այլն: Բայց այսօր ստեղծվել է նոր իրավիճակ՝ Մինսկի խմբում կա պառակտում, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են լուծել Արցախի խնդիրը Մինսկի խմբի ֆորմատից դուրս, Հայաստանը կարծես թե գնում է իրեն ուժով պարտադրված ճանապարհով, չի դիմում միջազգային օժանդակության, որպեսզի այդ իրավիճակից դուրս գա: Այս ընտրությունները լավ հնարավորություն են՝ փոխել իրավիճակը:

«Ազատություն». - Ֆրանսիան ուզում է Հայաստանի հետ դաշի՞նք կնքել:

Ղուկասյան. - Ֆրանսիան ուզում է Հայաստանի հետ ընդլայնել իր ռազմաքաղաքական համագործակցությունը, և դրա վերաբերյալ պաշտոնապես լսել ենք հայտարարություններ նույնիսկ նախագահի մակարդակով:

«Ազատություն». - Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս կհակադարձեք մտքին, օրերս նաև առաջին նախագահն էլ այն հնչեցրեց, որ Արևմուտքը Հայաստանով հետաքրքրված է այնքանով, թե մենք ինչքան կխանգարենք Ռուսաստանի ծրագրերին:

Ղուկասյան. - Իհարկե, աշխարհաքաղաքական հարաբերությունների մեջ կան խոշոր շահեր, և խնդիրը նրա մեջ չէ, թե ինչի են մեզնով հետաքրքրված, իսկ Ռուսաստանը մեզնով ինչի՞ է հետաքրքրված, որպեսզի մանրադրամ օգտագործեր՝ Թուրքիայի հետ իր հարաբերությունները ամրապնդելու համար, որպեսզի մեր ազգային շահերի միջոցով բավարարեր Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը: Էլի չէ՞ դա աշխարհաքաղաքական շահ է, և այդ հարցում մենք հիմա ունենք ընտրություն՝ լինե՞լ մանրադրամ Ռուսաստանի համար Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Ղրիմի anschluss-ից հետո Ռուսաստանը կանգնեց Եվրոպայի հետ տարանջատման փաստի առջև, և իրա համար կարևոր է այսօր Թուրքիայի հետ ստեղծել հարաբերություններ, բերել Թուրքիային իր կողմ, ճանապարհը՝ Թուրքիային դեպի Ռուսաստան տանելու, դա հայկական հարցն է. հայերը պետք է հրաժարվեն Ղարաբաղից, այն ինչը, որ մեզանից պահանջում է Ալիևը, և Ռուսաստանը դրան դրական է նայում, հայերը պետք է հրաժարվեն Ցեղասպանության պահանջներից, դա Թուրքիայի պահանջն է, մինչև հիմա սահմանը բաց չի չէ՞: Իրենք ասում էին՝ Ղարաբաղի հարցն է խանգարում, բայց պարզվում է, որ ինչ-որ մի այլ բան կա: Այսինքն՝ եթե մենք մնում ենք ռուսական աշխարհաքաղաքական շահերի տիրույթում, մենք պետք է պատրաստ լինենք, որ մեր ազգային շահերը պետք է օգտագործվեն որպես ռեսուրս ռուս-թուրքական դաշինք ձևավորելու համար:

«Ազատություն». - Դեպի Նախիջևան միջանցքն էլ կտեղավորեի՞ք այդ հարցում:

Ղուկասյան. - Այդ ամեն ինչը, իհարկե: Եթե մենք գնում ենք դեպի Եվրոպական գործընկերներ, մենք կարող ենք ավելի շահավետ պայմաններ մեզ համար ձեռք բերել: Պետք չէ, այսպես ասած, հանդես գալ որպես Եվրոպայի կամ ԱՄՆ-ի սիմպատանտներ, այսօր խոսքը գնում է մեր ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու համար ամենաէֆեկտիվ եղանակների մասին:

«Ազատություն». - Ստիպված եմ Ձեզ հիշեցնել՝ 4,5 տարուց ռուսական զորքերը հնարավոր է դուրս գան Ստեփանակերտից:

Ղուկասյան. - Բնականաբար, միջազգային զորքերը պետք է փոխարինեն ռուս զորքերին այդ տարածքում, դրա մասին և՛ ԱՄՆ-ն է ասում, և՛ Ֆրանսիան է ասում, ու դա միջազգային հանրության կարծիքն է, որովհետև տեսեք ինչ տեղի ունեցավ, Մինսկի խումբը ուներ պայմանավորվածություն, որ խաղաղարար օպերացիան պետք է իրականացնեն ԵԱՀԿ զորքերը, որտեղ չեն կարող լինել համանախագահող պետությունների զորքերը և հարևան պետությունների զորքերը: Ճիշտ հակառակը եղավ՝ Թուրքիան, Ռուսաստանը այսօր ներգրավված են:

«Ազատություն». - Որովհետև վերջին տարիներին Լավրովի պլանն էր արդեն բանակցային սեղանին:

Ղուկասյան. - Դա կախված էր Հայաստանից, դա Հայաստանի ընտրությունն էր, Հայաստանն այդպես համարեց ճիշտ, և սա այն հարցն է, որ կարող է ժողովուրդը շտկել, որովհետև երբ որ այդ որոշումները ընդունում էին ժողովրդին չէին հարցնում, ժողովրդին չէին բացատրում, որ կա ընտրություն, կարող են մտնել միջազգային խաղաղարար ուժեր, և այդ ուժերը կմտնեն անվտանգության գոտի, ոչ թե կկանգնեն ԼՂԻՄ-ի կամ նույնիսկ ԼՂԻՄ-ից էլ ավելի պակաս շփման գծի վրա:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG