Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, որի ընթացքում Ջեյհուն Բայրամովը տեղեկություններ է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանից գերեվարված 6 զինծառայողների վերաբերյալ։
Ըստ պաշտոնական Բաքվի, Բայրամովը պնդել է, թե հայերը ձերբակալվել են Ադրբեջանի տարածքում ականապատման աշխատանքներ կատարելիս, և մի փուլում, երբ հսկայական ջանքեր են գործադրվում Ադրբեջանի ազատագրված տարածքներն ականազերծելու համար։ «Այդ իսկ պատճառով, այդօրինակ քայլերը ծայրաստիճան անընդունելի են», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը եվրոպացի բաձրաստիճան դիվանագետին։
Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, և 6 զինծառայողները ոչ թե ձերբակալվել են, այլ՝ առևանգվել։
Խոսելով սահմանի լարվածության մասին՝ Բայրամովը նշել է, թե առկա տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով, և հավելել, որ Բաքուն համաձայնել է սահմանագծման ու սահմանազատման հարցով Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով ստեղծելու առաջարկին։
Հեռախոսազրույցը կայացել է Եվրամիության հանձնակատարի նախաձեռնությամբ։