Մատչելիության հղումներ

ԳՇ պետի տեղակալը մանրամասներ է ներկայացրել այսօրվա միջադեպից


Գիշերային իրավիճակը հատկապես իր լարվածության գագաթնակետին է հասել ժամը 5-ի դրությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը` անդրադառնալով 6 հայ զինծառայողների գերեվարմանը:

«Ինչո՞ւ։ Որովհետև մենք, դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած, մխրճված ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից մեր տարածքի խորքում մեկ ու կեսից երկու կիլոմետր խորությամբ, երկու ուղղությամբ, փորձում էին իրենց ուժերը միավորել և ստեղծել ավելի նպաստավոր իրադրություն իրենց համար։ Գնահատելով այդ իրավիճակը, հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը իր թևահար դիրքով կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները։ Նշված գործողության ընթացքում հակառակորդը իր օդային հետախուզության արդյունքներով հայտնաբերել է մեր գործողությունները և իր ստորաբաժանումներով շրջափակել մեր գործողություն իրականացնող խումբը։ Ու նրան հաջողվել է գերեվարել վեց զինծառայողի», - մանրամասնել է նա։

ԳՇ պետի տեղակալն, անդրադառնալով նրան, թե ինչո՞ւ հայ զինծառայողները զենք չեն կիրառել, ասաց. «Այդ հարցին ես կարող եմ պատասխանել հետևյալը, որ արդեն իսկ ձեզ տասնվեց օր հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, առանց ուժի կիրառման։ Եվ գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները թե՛ մեր զինված ուժերի և թե՛ հակառակորդի կողմից ձեռնամարտի են բռնվել՝ ունենալով իրենց հաստիքային զենքերը։ Նույն իրավիճակը ստեղծվել է նաև այդ գործողության ընթացքում․ մոտենալով մեր զինծառայողներին, չորս հոգի կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքը ուղղելով մեր զինծառայողների վրա, հրամայել են հանձնվել։ Եվ մեր երկու զինծառայողը, որ գտնվում էին որոշակի հեռավորության վրա, բանակցային գործընթաց սկսելու պատրվակով մոտեցել են հակառակորդին։

Բայց փաստորեն հակառակորդը, լինելով նենգ, դավադիր, որդեգրած լինելով իր նենգ քաղաքականությունը, զինաթափել և գերեվարել են մեր վեց զինծառայողներին»։

Ըստ նրա` ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ. «Բանակցային գործընթացը շարունակվում է։ Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ յուրային և իրենց ուժերի ետքաշման պայմանով, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը, որ մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք արդեն ժամը հինգից մինչև ժամը տասը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, եթե իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ Եվ զինված ուժերի ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու։ Բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծի, սկսում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը», - հավելեց Էդվարդ Ասրյանը։

XS
SM
MD
LG