Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայում գտնվող՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ, հայտնում են նախագահականից:
Նախարարի պաշտոնակատարը նախագահին տեղեկություններ է հայտնել Գեղարքունիքի մարզի տարածքում Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանները խախտելու հերթական դեպքի և ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների գերեվարելու վերաբերյալ, նշելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են վերջիններիս շուտափույթ վերադարձնելու համար:
Անդրադարձ է եղել նաև սահմանային իրավիճակին: Նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ իր այցը Մոսկվա կապված է նաև ստեղծված իրավիճակի կարգավորման հետ:
Հանրապետության նախագահն անհետաձգելի է համարել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, համապատասխան բոլոր մարմինների, հայկական զինված ուժերի և դիվանագիտական բոլոր հնարավորությունների օգտագործումը մեր զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ: Նա միաժամանակ նշել է, որ ամեն ինչ պետք է անել նման դեպքերը բացառելու, մեր զինծառայողների և քաղաքացիների անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու պատշաճ պաշտպանությունը ապահովելու համար:
Նախագահն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները համարում է միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում, որոնք պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանն ու գնահատականին: Համապատասխան քայլեր ձեռնարկելու հետ մեկտեղ նա կարևորում է միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքի շարունակումը: