Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են կառավարությունից:
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:
Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Կառավարության հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:
Էմանյուել Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ, անդրադառնալով այս հեռախոսազրույցին, իր ֆեյսբուքյան էջում հավելել է, որ Ֆրանսիան ցանկանում է` տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով բանաձև ընդունվի` կայունություն և անվտանգություն բերելու համար:
Ի հավելումն այս հաղորդագրությունների՝ Ֆրանսիայի նախագահն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայերենով հետևյալ գրառումն է արել. - «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն։ Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին՝ Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»: