Մատչելիության հղումներ

Հայաստանի համար համանախագահների առաջարկը «լիարժեք ընդունելի է»


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Համանախագահների առաջարկը լիարժեք ընդունելի է մեզ համար, և ինչպես համանախագահները կոչ են անում, մենք պատրաստ ենք անմիջապես սկսել զինված ուժերի հետքաշումն այդ հատվածից` Սոթք-Խոզնավար հատվածից, այն պահից, երբ համախագահները պայմանավորվածությունը ճշտեն, հաստատեն Ադրբեջանի հետ», - այսօր «Քաղաքացիական պայմանագրի» Ավանի գրասենյակում հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հենց այդ հատվածից սկսել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համանախագահության շրջանակներում լիարժեք վերականգնել բանակցային գործընթացը Ղարաբաղի հարցը կարգավորելու նպատակով:

Նրանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել, Հայաստանի վարչապետի աշտոնակատարն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները հայտարարել են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է. «Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար»:

«Խոսքը այս մասին է՝ երկու կողմերը հետ են քաշում զինված ուժերը այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են միջազգային ներկայացուցիչներ, կարող են լինել ռուս խաղաղապահները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները: Կարող են լինել և ռուս խաղաղապահները, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդները»,- այսօր պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG