Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանը «գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում», հայտնում է Անդրանիկ Քոչարյանը


ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը այսօր առավոտից գտնվում է շատ կարևոր գործուղման մեջ Մոսկվայում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հարությունյանի այցը, ըստ Քոչարյանի, երկու երկրների ռազմաքաղաքական գործակցության շրջանակում է։ «Նախարարը կգա և ինքը, եթե նպատակահարմար կգտնի, որոշ փակագծեր կբացի», - նշեց Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահը՝ հավելելով․ - «Բայց ոչ ոք չգիտեր, որ առավոտյան տեղի է ունեցել այն, ինչը որ անթույլատրելի է՝ հատկապես այն իրողությունը հաշվի առնելով, որ մենք ունենք սահմանային լարվածություն, և լարվածություն ստեղծող կողմը շարունակում է մնալ Ադրբեջանի Հանրապետությունը»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր, որ ռազմական գերատեսչության ղեկավարն առաջիկա օրերին այցելելու է Ռուսաստան։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG