Մատչելիության հղումներ

ԿԸՀ ընտրացուցակներ ներկայացրեց 27 քաղաքական ուժ


27 քաղաքական ուժ ընտրություններին մասնակցության վերաբերյալ ստացական է ստացել, սակայն դեռևս պարզ չէ, թե դրանցից քանիսն են կուսակցություն, քանիսին են դաշինք: Այսօր քաղաքական ուժերն իրենց ընտրացուցակներն են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Այսօր վերջին օրն էր ընտրական ցուցակների ներկայացման համար, և փաստորեն առաջինը ներկայացավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ցուցակը ներկայացրեց մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը, ով հաստատեց, որ կուսակցության առանցքային դեմքերից փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, պատգամավոր Սասուն Միքայելյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգրկված չեն ցուցակում: Փոխվարչապետի հետ կապված որևէ բացատրություն Ալեքսանյանը չներկայացրեց, չմեկնաբանեց նաև տեղեկությունը, որ ցուցակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը կարող է Ավինյանին փոխարինել այդ պաշտոնում. «Ես չգիտեմ, թե դուք որտեղից վերցրիք այդ ամեն ինչը, ես նորից եմ ասում` դեռ պետք է ընտրություններ լինեն, կառավարություն կազմվի, վարչապետ ու փոխվարչապետեր ընտրվեն ու նշանակվեն»:

Կուսակցության խոսնակն անդրադարձավ այն փաստին, որ ՔՊ-ի ցուցակում են հայտնվել գործարարներ Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը. «Մենք բոլոր այն գործիչներին, ում ընդգրկել ենք մեր նախընտրական ցուցակում, վստահություն ունենք, որ այդ գործիչները պետք է որոշակի ներգրավում ունեն պետական կառավարման գործում և պետք է իրենց չափով որոշակի պատասխանատվություն ստանձնեն Հայաստանի համար այս ծանր շրջանում: Ես չեմ պատկերացնում այնպիսի մի քաղաքական ուժ Հայաստանում, որի ընտրական ցուցակում երբևէ չլինեն գործարարներ:

Ես կարծում եմ, որ շատ հաճախ համաշխարհային պատմության մեջ նաև գործարարները գնում են քաղաքականություն: Բայց ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը դնում են որոշակի սահմանափակումներ, այստեղ արդեն խնդիրն այն է, թե արդյոք մանդատը ստանձնելուց յհետո տվյալ գործարարը օրենքի պայմաններին կենթարկվի, թե չի ենթարկվի:

Անհնարին եմ համարում, որ մեր ցուցակով ընտրված ցանկացած գործարար շարունակի զբաղվել բիզնեսով պատգամավոր դառնալուց հետո»:

Այս ընտրություններն առաձնահատուկ են նրանով, որ Հայաստանի երեք նախկին նախագահների ղեկավարած քաղաքական ուժերն էլ մասնակցության հայտ են ներկայացրել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գլխավորում է «Հայաստան» դաշինքը: Նրանց ցուցակը ներկայացրեց Մարտի 1-ի գործով Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, չբացառեց կոալիցիոն համագործակցությունները, նշեց` բաց են համագործակցությունների համար, բացառություն է իշխող «Իմ քայլը»: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը միայնակ է մասնակցում որպես կուսակցություն: Ցուցակը գլխավորում է հենց Տեր-Պետրոսյանը:

Ընտրություններին մասնակցում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականը Արթուր Վանեցյանի կուսակցության հետ միասին «Պատիվ ունեմ» դաշինքով: Ինքը` Սերժ Սարգսյանը ցուցակում ներկայացված չէ, ցուցակում ընդգրկված չեն նաև ՀՀԿ-ի այնպիսի առանցքային դեմքեր, ինչպես օրինակ` Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը: Ընտրացուցակում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը (երկրորդ համար), Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ևս առաջին տասնյակում է:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն առանձին կուսակցություններով են մասնակցում: ԲՀԿ-ական Արման Աբովյանը վստահություն հայտնեց, որ իրենց կհաջողվի 50+1 տոկոս հավաքել, միայնակ կառավարություն ձևավորել, հետևաբար և կոալիցիաների մասին խոսելն ավելորդություն համարեց:

ԼՀԿ-ից Դավիթ Խաժակյանն ասաց, որ սա երկար դադարից հետո առաջին ընտրություններն են, որոնց արդյունքները կանխատեսելի չեն:

XS
SM
MD
LG