Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նշած խնդիրները` դրանք ներկայացնելով ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Նա նշել է նաև, որ շարունակում է հետևել իրավիճակին և այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:
«Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ»,- ասված է Հելգա Մարիա Շմիդի նամակում: