Մատչելիության հղումներ

«Սահմանային դեպքերն իշխանության անգործության հետևանքով են». Պաշտպանության նախկին նախարար


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վրդովված է, որ հայկական կողմը տարածում է Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի ու հայ զինվորների միջև վիճաբանության տեսանյութը։ Ըստ նրա, այն երկուժամանոց միջադեպի միայն 3 րոպեն է, որտեղ ադրբեջանցիները հայերին հարվածում են ու հեռացնում իրենց կանգնած տարածքից։

«Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել», - կառավարության նիստում այս ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Իսկ թե ինչ է կատարվել մնացած մեկ ժամ 57 րոպեի ընթացքում, Փաշինյանը չի մանրամասնում։ Այս միջադեպի առնչությամբ էլ նրա մեղադրանքի սլաքները դարձյալ իր քաղաքական հակառակորդների ուղղությամբ են․ - «Այդ նույն մարդիկ վերցնում են և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են»։

Երեկ տեսանյութի տարածվելուց հետո կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի կայքը, հղում անելով պաշտպանության նախարարությանը, հերքեց, թե միջադեպը կապ ունի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում վերջին սահմանային դեպքերի հետ, Ժամեր անց Պաշտպանության նախարարւթյունը հաստատեց, որ դեպքը եղել է օրեր առաջ՝ մայիսի 17-ին, արևելյան սահմանին։ Իսկ թե ինչու սահմանային դեպքերի մասին առաջինը պաշտոնական աղբյուրները չեն հայտնում և անդրադառնում են միայն տարբեր աղբյուրների աղմկելուց հետո, Փաշինյանը չի մեկնաբանում։

«Հակամարտությունները, հակադրությունները, ընդհանրապես ասենք, եթե մեր հայրենակիցները կամ ոմանք պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում: Չի լինում երբեք», - ասաց նա:

Գեղարքունիքի մարզում ադրբեջանցի ու հայ զինվորականների միջև վիճաբանության լուրերն «Ազատությանն» էլ էին հասել դեպքից մեկ օր անց, և Պաշտպանության նախարարությունը դա հաստատեց միայն մեր զանգերից հետո։ Ի դեպ, տեսանյութից հետո տեղեկություններ կային նաև, որ հայ զինվորական է գերեվարվել։ Պաշտպանության նախարարությունից այսօր հերքեցին լուրը։

Պատերազմից վեց ամիս անց սահմանային այս միջադեպերը Հայաստանի իշխանության անգործության հետևանքն է, պնդում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ - «Հասարակ սահմանային ծառայության կազմակերպում էր։ Եվ եթե մինչև հիմա դա չի կազմակերպվել, դա, ես կարող եմ ասել, որ հանցավոր անգործության պատճառով է»։


Նախկին նախարարի համոզմամբ, Փաշինյանի պատճառաբանությունները, թե պատերազմից հետո սահմանները զգալիորեն երկարել են, ձմեռային պայմաններում էլ ինժեներական աշխատանքները անհնար են, ընդամենը անգործության արդարացումներ են։ Մեկ շաբաթն էլ բավարար էր Հայաստանի սահմաններն ամրացնելու համար, կառավարության համար ուղղակի դա առաջնահերություն չի եղել, վստահ է Օհանյանը։ - «Ղեկավարությունը, հրամանատարական կազմը՝ մարտավարականից մինչև օպերատիվ-մարտավարական, որոշումներ են ընդունում․ այն հատվածները, որտեղ որ դատարկ է, միանգամից որոշում է ընդունվում այդտեղ զորքեր տեղակայելու։ Եթե զինված ուժերի քանակությունը չի բավարարում, ապա պետությունը պարտավոր է նոր ուժեր տեղակայել այնտեղ։ Որո՞նք են նոր ուժերը։ Դա զորահավաք են հայտարարում, և զորահավաքով նախատեսված զորահավաքային ռեսուրսը գնում և իրականացնում է սահմանային պաշտպանություն։ Դա պարտավոր են անել շատ կարճ ժամանակահատվածում, մեկ ամիս էլ պետք է չքաշեր»։

Օհանյանի համոզմամբ, ադրբեջանցիներն այս ամիսների ընթացքում ուսումնասիրել ու առաջ են եկել այն հատվածներում, որտեղ պաշտպանված չէ․ - «Դելիմիտացիայի, դեմարկացիայի արդյունքում եթե չհաջողվի ադրբեջանցիներին հետ շպրտել, որպեսզի իրենք հայկական գծից հետ գնան, պատմության առաջ իրենք պատասխան են տալու իրենց ամբողջ կյանքում իրենց հանցավոր գործունեության համար»։

Հայ և ադրբեջանցի զինծառայողների վիճաբանության դեպքից այսօր ավելի ուշ գլխավոր դատախազությունը մանրամանսեր հայտնեց։ Ըստ դատախազության, Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի վարչական տարածքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեծաքանակ ստորաբաժանում է ներթափանցել Հայաստանի զինված ուժերի պահպանության տակ գտնվող տարածք, բռնություն գործադրել հայ զինծառայողների նկատմամբ, ստիպել նրանց թողնել մարտական դիրքը: Հայկական կողմին հաջողվել է հակառակորդին հետ շպրտվել ելման դիրքեր:

Նշված դեպքերի կապակցությամբ մարտական ծառայության կանոնների խախտման, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG